Թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան պարտավոր է ոչնչացնել Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում գտնվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման շուրջ 2 000 գրոհայիններին, այլապես նրանք կսկսեն վտանգ ներկայացնել Թուրքիայի անվտանգության համար:
«Մենք ստիպված ենք դա անել», - ասել է Էրդողանը:
Իր հերթին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները մտահոգություն է հայտնել թուրքական ԶՈւ-ի կողմից նախօրեին Իրաքի և Սիրիայի հյուսիսային մի շարք շրջանների ռմբակոծման առնչությամբ:
Թոները հայտարարել է, որ չնայած թուրքական կողմի պնդումներին այն մասին, թե թուրքական ԶՈւ-ն տեղեկացրել է սպասվող ավիահարվածների մասին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերին, նման բան իրականում չի եղել:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԶՈւ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայի տարածքում մահացել է քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 զինյալ, իսկ իրաքյան Սինջարում՝ 5 իրաքցի քուրդ:
Tert.am