Թուրքիան չեղարկել է գերմանացի պատգամավորի այցը երկիր
Թուրքիան չեղարկել է գերմանացի պատգամավոր Բերնդ Ֆաբրիցիուսի այցը երկիր, հայտնում է DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
Ֆաբրիցիուսը Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության անդամ է:
Ֆաբրիցիուսը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների նման քայլը տխրեցնող է, և Եվրամիության անդամ երկրների ու Թուրքիայի միջև տարբեր մակարդակի հանդիպումներն ու բանակցությունները պետք է շարունակական բնույթ կրեն:
Գերմանացի պատգամավորն Անկարայում պետք է հանդիպեր նաև Թուրքիայի արդարադատության նախարարի հետ:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ։
Tert.am