ԻԻՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Մոսուլի ազատագրման կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շնորհավորելով Մոսուլն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատագրվելու կապակցությամբ, կոչ է արել շարունակել ահաբեկչության գաղափարական, ինչպես նաև ֆինանսավորման արմատները չորացնելուն ուղղված հավաքական պայքարը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ երեկոյան Իրաքի կառավարության ու ժողովրդի դիմադրության և բանակի ու ժողովրդային ուժերի սխրագործության արդյունքում Մոսուլում ԻԼԻՊ-ի կրած ծանր պարտության կապակցությամբ շնորհավորել է Իրաքի կառավարությանը, ժողովրդին, շիա և բոլոր դավանքների ու կրոնների հոգևորականությանը, ազգություններին, զինված ուժերին և ժողովրդային կամավոր ուժերին:
Ղասեմին Իրաքի միատարրության, ժողովրդավարության ու միասնականության շրջագծում ժողովրդին առավել կայունության, անվտանգության, անդորրի ու բարօրության ամրապնդում մաղթելով, ընդգծել է Իրաքում ու տարածաշրջանում ահաբեկչության դեմ տարածաշրջանային հավաքական պայքար ծավալելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրաքի նախագահին ու վարչապետին և շիա բարձրաստիճան հոգևորական Այաթոլլահ Սիսթանիին հղած առանձին ուղերձներով շնորհավորել էր Իրաքի հյուսիսային Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլն ԻԼԻՊ-ի գրավումից ազատագրելու կապակցությամբ:
Իրաքյան ուժեր հինգշաբթի վաղ առավոտյան գրավեցին Մոսուլի արևմուտքում գտնվող «Ալ-Նուրի» մզկիթը, ինչն Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադու ընդգծմամբ համարվում է Մոսուլում ԻԼԻՊ-ի ներկայության ավարտը: