«Ռուսները եւ ամերիկացիները Սիրիայի ժողովրդի թիկունքում դավադրություն են հյուսել»
«Կրկին սկսվեցին խոսակցությունները Սիրիայի հնարավոր բաժանման շուրջ՝ որպես սիրիական հակամարտության ելք»,- Il Giornale թերթում գրում է Ալեսանդրա Բենինիետին:
«Նման որոշման մասին առաջինն ակնարկել էր Հենրի Քիսինջերը 2013 թվականի հունիսին: Նախկին պետքարտուղարն իրոք կենտրոնացել էր սիրիական փակուղուց ելք գտնելու ռազմավարության վրա, որը պետք է հիմնված լիներ Սիրիայի կառուցվածքի վերանայման վրա՝ հետեւելով էթնիկ եւ կրոնական բաժանարար գծերին»,- գրում է թղթակիցը:
«Կա երեք հնարավոր սցենար Սիրիայի համար: Ասադի հաղթանակը, սունի ապստամբների հաղթանակը, կամ սցենար, ըստ որի տարբեր ազգություններ կհամաձայնեն ապրել քիչ թե շատ ինքնավար մարզերում. ես հենց այսպիսի սցենարի կտայի նախապատվությունը»,- ասել է Քիսինջերը 2013 թվականին: Քաղաքական անցումային գործընթացը, որը կղեկավարվի սունի առաջնորդի կամ Ասադների ընտանիքի հետ կապված անձի կողմից, Քիսինջերի կարծիքով, կհանգեցնի արյունահեղության:
Այժմ թեզը, որը հնչեցվել է ամերիկյան քաղաքականության վետերանի կողմից, առաջարկում է Մոսկվան: ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ չի բացառում Սիրիայի դաշնային կառուցվածքի տարբերակը ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածի համար: «Եթե այս մոդելը կբավարարի բոլոր կողմերին, որոնք ներգրավված են բանակցություններում, ինչու այն չիրականացնել»,- նշել է նա: Լուծումը, ինչպես ասել է Ռյաբկովը, սիրիացիների ձեռքում է:
Սակայն դրուզների համայնքի ղեկավար Վալիդ Ջումբաթը մեղադրել է Մոսկվային եւ Վաշինգտոնին երկրի մասնատման հարցի շուրջ պայմանավորվելու համար:
«Ռուսները եւ ամերիկացիները Սիրիայի ժողովրդի թիկունքում դավադրություն են հյուսել, նրանք խոսում են դաշնային հանրապետության մասին. սա հիշեցնում է Լեհաստանի նախադեպը 1939 թվականին՝ «մի կտոր քեզ, մի կտոր ինձ»: Քրդերը կունենան իրենց մասը, ալավիթներն իրենցը, սունիներն իրենցը, այն ժամանակ, երբ դրուզները եւ քրիստոնյաները որպես լրացում են դիտարկվում. արդեն կա քարտեզ՝ ստեղծված Rand Corporation-ի կողմից,- վրդովված նշում է Ջումբաթը: -Բայց Սիրիան այլեւս չկա, երկիրը կործանված է, 10 մլն սիրիացիներ կորցրել են իրենց տները եւ դարձել փախստականներ»:
galatv.am
5/3/2016