Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն չի կարող պատերազմի պատճառ լինել. Թուրքիայի վարչապետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70650-Իրաքյան_Քուրդիստանի_հանրաքվեն_չի_կարող_պատերազմի_պատճառ_լինել._Թուրքիայի_վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հետ կանգնել անկախության վերաբերյալ հանրաքվեից, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2017 11:33 Asia/Tehran
  • Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն չի կարող պատերազմի պատճառ լինել. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հետ կանգնել անկախության վերաբերյալ հանրաքվեից, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Յըլդըրըմն այդ քայլը «սխալ» է անվանել և «լի հետագա վտանգներով»:

Կրկնելով ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Բաղդադում արած հայտարարությունը, վարչապետը շեշտել է, որ Թուրքիան կողմ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:

Նա նաև հավելել է, որ Իրաքյան Քուրդիստանի ու Թուրքիայի միջև պատերազմ լինել չի կարող այն պարզ պատճառով, որ Թուրքիան չի ընկալում Իրաքյան Քուրդիստանը որպես պետություն:

«Պատերազմ կարող է լինել երկու պետությունների միջև, սակայն Թուրքիան այդպիսին չի ընկալում Իրաքյան Քուրդիստանը», - ասել է վարչապետը:

Օրեր առաջ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիան կարող է ընկալել Իրաքյան Քուրդիստանի անկախությունը որպես նոր պատերազմի առիթ:

Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Հանրաքվեի առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանն ու պաշտոնական Բաղդադը:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ:

tert.am