Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Թուրքիայում գերմանացի զինծառայողներին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի «Քոնիա» ավիաբազա, որտեղ տեղակայված են բունդեսվերի զինծառայողները:
Նպատակը տեղում ծառայության պայմաններին ծանոթանալն է: Ինչպես հաղորդում է «DW» լրատվական գործակալությունը, բոլոր խմբակցությունները ներկայացնող յոթ խորհրդարանականները ինքնաթիռով տեղափոխվել են Թուրքիայում գտնվող ռազմական օդանավակայան սեպտեբերի 8-ի կեսօրին: Հուլիսին Թուրքիայի իշխանությունները խոչընդոտել էին ավիաբազա Բունդեսթագի պատգամավորների այցելությանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջնորդական միջամտությունից հետո Թուրքիան և Գերմանիան կարողացել էին փոխզիջման գալ: Անկարան համաձայնվել էր թույլ տալ դաշինքի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած ընդհանուր պատվիրակության կազմում գերմանական խորհրդարանական պատվիրակության այցը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի կարծիքով` նման որոշումը միայն ժամանակավոր կարող է լինել. անհրաժեշտ է փնտրել «քաղաքականապես ավելի ճկուն» հնարավորություններ: «Դաշնային կառավարությունը, անշուշտ, դրանով կզբաղվի ընտրություններից հետո` գերմանական Բունդեսթագի և թուրքական կառավարության հետ համատեղ»,- ընդգծել է դիվանագետը: Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր թույլ տալ գերմանացի պատգամավորներին այցելել «Քոնիա» և «Ինջիրլիք» ավիաբազներ` պատճառաբանելով Բեռլինի հետ երկկողմ հարաբերությունների ճգնաժամը: Տարաձայնության արդյունքում` գերմանական տեխնիկան և զինծառայողները Ինջիրլիքից տեղափոխել են Հորդանան: Քանի որ «Քոնիա» ավիաբազայում բունդեսվերի զինծառայողները մտնում են ՆԱՏՕ-ի կոնտինգենտի կազմում, ուստի այնտեղից նրանց տեղափոխությունը չի կարող իրականացվել միայն Բեռլինի որոշմամբ:
Ankakh.com