Էրդողան.«Թեհրանը և Անկարան կկանխեն Իրաքի Քուրդստանի նավթի արտահանումը»
Իրան կատարած պաշտոնական այցից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը տեղեկացրել է, որ Թեհրանը և Անկարան համատեղ որոշում են կայացրել` կանխել Իրաքի Քուրդստանի նավթի արտահանումը միջազգային շուկաներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.-«Անկարայի, Թեհրանի և Բաղդադի միջև կայացած համաձայնությամբ կկանխվի Իրաքի Քուրդստանի նավթի արտահանումը»:
Նշելով, որ իրաքյան Քուրդստանի ինքնավար տարածքը փորձում է իր վերահսկողության տակ առնել Իրաքի Քերքուքի շրջանի նավթահորերը, Թուրքիայի նախագահն ասել է, որ շուտով այդ կապակցությամբ որոշում կընդունվի, քանի որ քրդերի ներկայությունն այդ տարածքում անօրինական է:
Ներկայումս Իրաքի քրդերը Թուրքիայի ճանապարհով են նավթ արտահանում համաշխարհային շուկա:
Իրան կատարած պաշտոնական այցից հետո Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Քերքուքի նավթառատ նահանգի բնակիչների մասնակցությունը Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեին ևս անօրինական քայլ էր:
Իրաքի պառլամենտը մի շարք որոշումներ է կայացրել սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանի անջատման հանրաքվեի անցկացման կապակցությամբ: