Սեյեդ Հասան Նասրոլլահ. Թրամփի քայլը «Նոր Բալֆուր» է
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Բալֆուրի հռչակագրի հրապարակումից 100 տարի անց, Երուսաղեմի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի քայլով «Նոր Բալֆուր»-ի ականատես ենք»:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը հինգշաբթի գիշեր հեռուստաելույթի ժամանակ Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու Դոնալդ Թրամփի քայլի մասին ասել է. «Թրամփն իր այս որոշմամբ Երուսաղեմը դրեց սիոնիստների լիարժեք տիրապետության տակ ու այսուհետ սիոնիստներն առավել թափ են հաղորդելու Երուսաղեմի հրեականացման ու սիոնիստական քաղաքավանների կառուցման գործընթացին»:
«Թրամփի որոշմամբ «Ալ-Աղսա» մզկիթը հայտնվել է լուրջ վտանգի տակ: Ամերիկացիների այդ որոշումը վիրավորանք էր ուղղված միլիոնավոր մուսուլմաններին ու քրիստոնյաներին և նրանց զգացմունքներին, քանի որ նրանք այդ քաղաքում պատմություն ու մշակույթ ունեն և նրանց սրբավայրերը գտնվում են Երուսաղեմում»,-ընդգծել է Լիբանանի Հեզբոլլահի քարտուղարը:
Նասրոլլահը հավելել է. «Իսրայելը չի հարգում միջազգային օրենքները, պայմանագրերն ու համաձայնագրերը և անտեսում է միջազգային հասարակություն կոչվածը»:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Արաբական ու իսլամական երկրները պիտի իրենց դեսպաններին կանչեն ԱՄՆ-ից ու պաշտոնապես հակազդեն Երուսաղեմի կապակցությամբ Թրամփի որոշմանը»: