ԻԻՀ նախագահ.«Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը բացահայտ աջակցություն էր ահաբեկչությանը»
«Այսօր, երբ ահաբեկիչները Սիրիայում պարտվում են՝ Սիրիայի վրա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարձակումը նշանակում է ձախողված խմբերին բացահայտ աջակցության ձեռք մեկնել». ասել է ԻԻՀ նախագահը:
Շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած հեռախոսազրույցում Հասան Ռոհանին կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջության հարգումը, նշելով, որ այդ երկրի աշխարհագրական սահմանները ոչ մի գնով փոփոխության չեն ենթարկվելու: «Սիրիայում օտարերկրացիների ներկայությունը դեմ է միջազգային օրենքներին և համարվում է այդ երկրի տարածքի դեմ ոտնձգություն». ասել է ԻԻՀ նախագահը:
«Ոչ մի այլ երկրի կառավարություն չի կարող որոշումներ ընդունել Սիրիայի վերաբերյալ: Որոշումներ ընդունելու է միայն Սիրիայի ժողովուրդը: Իսկ ԻԻՀ-ը շարունակելու է մնալ Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին». ասել է նախագահ Հասան Ռոհանին։
Հեռախոսազրույցում Բաշար Ասադն ասել է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարձակումը չի ազդելու՝ դիմադրությունը շարունակելու հարցում Սիրիայի կառավարության ու ժողովրդի կամքի վրա: