Եվրոխորհրդարանը պահանջեց սպառազինական բոյկոտի ենթարկել Սաուդյան կոալիցիային
Եվրոխորհրդարանի պատգամավորները, քննադատելով Եմենի դեմ Արաբիայի պատերազմում եվրոպական սպառազինության դերակատարությունը, պահանջել են դադարեցնել Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի անդամ բոլոր երկրներին զենքի վաճառքը:
Համաձայն Եվրոխորհրդարանի պաշտոնական կայքէջի հաղորդման, պատգամավորները չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել են, որ եվրոպական երկրների ռազմական սպառազինության արտահանման կարգավորված համակարգի հանդեպ անուշադրությունը պիտի փոխարինվի պատժամիջոցային մեխանիզմով:
Պատգամավորները նաև պահանջել են ընդլայնել ԵՄ-ի անդամ երկրների զենքի արտահանման վերահսկողությունը և սպառազինական բոյկոտի ենթարկել Եմենի դեմ Սաուդյան կոալիցիային անդամակցող բոլոր երկրներին:
Համաձայն Եվրոխորհրդարանի հաղորդագրության, Արաբիա զենքի արտահանման շատ դեպքեր իրականացվել են եվրոպական երկրների կանաչ ազդանշանով, իսկ Ռիադին զենքի վաճառքը ոտնահարել է եվրոպական զենքի վաճառքի 8 պայմաններից 6-ը և խաթարել ԵՄ-ի վերահսկողական կառույցը:
«Արաբիային ռազմանավի վաճառքը հանգեցրել է Եմենի ծովային շրջափակման, իսկ ռազմական ինքնաթիռներն ու ռումբերը Սաուդյան ավիահարվածների ժամանակ օգտագործվելով, համարվում են Եմենի ժողովրդի ներկա ցավի ու տառապանքի պատճառը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արաբիան 2015 թվականի մարտին ԱՄՆ-ի ու արևմտյան մի քանի երկրների աջակցությամբ ռազմական հարձակման ենթարկեց Եմենը, որի հետևանքով մինչ այսօր զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ, իսկ միլիոնավոր ուրիշներ տարհանվել են: