Թրամփը սպառնացել է մեկընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում ներգաղթյալների հանցագործներ անվանելով գրել է, որ մեկընդմիշտ փակելու է Մեքսիկայի հետ սահմանը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում անդրադարձել է ամերիկա-մեքսիկական սահմանին ապօրինի ներգաղթյալների իրավիճակին՝ հայտարարելով, որ «ներգաղթյալներից որևէ մեկն ԱՄՆ մուտք չի գործելու»:
«Մեքսիկան պետք է սահմանից հեռացնի ու իրենց երկրներ ուղարկի Միացյալ Նահանգների պետական դրոշը ծածանող ներգաղթյալներին, որոնցից շատերը հանցագործներ են: Արեք դա ինչով որ ցանկանում եք, բայց այդ մարդիկ ԱՄՆ չեն մտնելու»,-գրել է նախագահը:
«Կոնգրե՛ս, ֆինանսավորի՛ր պատի կառուցումը»,-գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ իր վիճահարույց ծրագիրը, որը չի հաստատվել Կոնգրեսի կողմից: