Մեքսիկայում կաթոլիկական տոնի ժամանակ գնդակահարել են յոթ դեռահասի
Մեքսիկայի կենտրոնական Գուանախուատո նահանգում կաթոլիկ եկեղեցու կազմակերպած տոնակատարության ժամանակ գնդակահարվել է յոթ դեռահաս, հաղորդում է BBC News-ը։
Զինյալները կրակ են բացել Սան Բարտոլո դե Բերիոս գյուղի կենտրոնական հրապարակում տեղական ծխական համայնքի կազմակերպած միջոցառումից հետո մնացած մի խումբ մարդկանց վրա։
Ականատեսները պատմել են, որ հարձակվողները երկուշաբթի վաղ առավոտյան մոտեցել են հրապարակին և տասնյակ կրակոցներ արձակել՝ կարծես թե պատահականության սկզբունքով։
Իշխանությունները դեռևս չեն նշում հրաձգության դրդապատճառները, սակայն մոտակա մի քանի վայրերում եղած ցուցանակների վրա խզբզած գրությունները վկայում են, որ այն իրականացրել է Սանտա Ռոսա դե Լիմա կարտելը։
Մեքսիկայի եպիսկոպոսական համաժողովը, որը ներկայացնում է երկրի եպիսկոպոսներին, դատապարտել է մահացու ելքով հրաձգությունը՝ հայտարարելով, որ «չի կարող անտարբեր մնալ բռնության պարույրի հանդեպ, որը վիրավորում է այդքան շատ համայնքների»։
Տեղի արքեպիսկոպոս Խայմե Կալդերոնը նույնպես հայտարարություն է տարածել, որում հարձակման մեջ մեղադրել է մրցակից կարտելների միջև տարածքների համար պայքարը։
Գուանախուատո նահանգում 2024 թվականին ամենաշատ սպանություններն են կատարվել Մեքսիկայի բոլոր նահանգների համեմատ. ընդհանուր առմամբ՝ 2597 սպանություն։
Նահանգում գործում են «Նոր սերնդի Խալիսկո» կարտելը և «Սանտա Ռոսա դե Լիմա» կարտելը, որոնք մահացու պայքար են մղում տարածքի նկատմամբ վերահսկողության համար։
news.am