Spiegel. Էրդողանն աջակցում էր իսլամիստներին՝ Բաշար Ասադին տապալելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i10447-spiegel._Էրդողանն_աջակցում_էր_իսլամիստներին_Բաշար_Ասադին_տապալելու_համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է իսլամիստներին, մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համախոհներին եւ նրանց թույլ է տվել իր երկրի տարածքով անցնել Սիրիա: Այս մասին գրում է գերմանական Spiegel շաբաթաթերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2016 13:32 Asia/Tehran
  • Spiegel. Էրդողանն աջակցում էր իսլամիստներին՝ Բաշար Ասադին տապալելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է իսլամիստներին, մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համախոհներին եւ նրանց թույլ է տվել իր երկրի տարածքով անցնել Սիրիա: Այս մասին գրում է գերմանական Spiegel շաբաթաթերթը:

«Իր հակառակորդ Բաշար Ասադին հաղթելու համար Էրդողանը երկար ժամանակ օգնում էր իսլամիստական ապստամբ խմբերին, այդ թվում՝ ԻՊ-ին: Մինչ Սիրիայում մի կողմից կռվում էին ապստամբներն ու քրդերը, Թուրքիայի անվտանգության ծառայության ուժերը շարունակում էին աչք փակել ԻՊ կողմնակիցների ներթափանցման վրա: Նրանք ողջ աշխարհից գալիս էին Ստամբուլ եւ հետո անարգել հատում էին Սիրիայի հետ սահմանը»,- նշում է շաբաթաթերթը:

«Բոսֆորի վայրի տղամարդը» վերտառությամբ հոդվածում Էրդողանի քաղաքականությունը տարբեր կողմերից է նկարագրվում: Մասնավորապես հեղինակները խոստովանում են, որ Թուրքիայի նախագահը հիմա Եվրամիության ամենակարեւոր գործընկերներից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը: Դրա պատճառը Անկարայի հետ միգրացիոն ճգնաժամի հարցում պայմանավորվածություններն են: Եթե չլիներ Թուրքիան, ԵՄ-ն չէր իմանա, թե ինչ անի Սիրիայից եւ Աֆրիկայից ժամանող հարյուր հազարավոր ներգաղթյալների հետ, ասված է հոդվածում: Ընդ որում, մյուս կողմից բարձրացվում է մամուլի ազատության ոտնահարման, կաշառակերության եւ քրդերի նկատմամբ վերաբերմունքի թեման:

Հոդվածն անդրադառնում է նաեւ վերջերս Էրդողանին ծաղրող տեսահոլովակին, որի պատճառով Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել էին երկրի ԱԳՆ:

«Տեսանյութի պատճառով ծագած վեճի միջոցով նա ցույց տվեց, թե ինչ կարող է իրեն թույլ տալ: Որ նա կարող է ծաղրել Անգելա Մերկելին եւ նրա հետ՝ ողջ ԵՄ-ին»,- մեկնաբանում է Spiegel-ը՝ նշելով, որ Էրդողանը կարող է խաղալ նրանց հետ, սադրել, օգտագործել իշխանության պահպանման համար: