Ավստրիան զինվորականներով ուժեղացնում է Իտալիայի հետ սահմանը
Ավստրիան նախատեսել է ուժեղացնել Իտալիայի հետ սահմանին Բրեններ ՍՀԱ-ի վերահսկողությունը` զինվորների ներգրավելով ստուգման միջոցառումներում, շաբաթ հայտնում է գերմանական Welt պարբերականը` վկայակոչելով Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քանի որ ԵՄ-ի արտաքին սահմանները ներկայումս դեռեւս արդյունավետորեն պաշտպանված չեն, Ավստրիան մոտ ժամանակներս սահմանային խիստ վերահսկողություն կմտցնի: Դա նշանակում է Բրեններում զանգվածային սահմանային վերահսկողություն, ինչպես նաեւ զինվորների ներգրավում», — շաբաթ օրը պարբերականին հայտնել է նախարարը:
Նա հավելել է, որ նման միջոցները նաեւ «Գերմանիայի կենսական շահերից են բխում»:
Նրա խոսքով, վերահսկողության խստացման համար հիմք են ծառայել ԵՄ-Թուրքիա համաձայնագրի հնարավոր հետեւանքները, որի շրջանակում Թուրքիան հետ կվերցնի բոլոր փախստականներին, որոնք Հունաստան են եկել թուրքական տարածքից, իսկ Եվրամիությունը Թուրքիայից օրինական սիրիացի միգրանտների կընդունի «մեկը մեկի դիմաց» սկզբունքի համաձայն:
Փետրվարի կեսին ավստրիական իշխանությունները ՍՀԱ-ի լրացուցիչ վերահսկողություն են սահմանել, շեշտը հատկապես դնելով Հունգարիայի, Իտալիայի եւ Սլովենիայի հետ հարավային սահմանների վրա:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, անցած աշունից մինչեւ տարեվերջ իշխանությունները հաշվել են 700 հազար մարդու, որոնք հատել են Հունգարիայի սահմանը: Նրանցից մոտ 90 հազարը դիմել է երկրում ապաստան ստանալու համար: Այս տարի հանրապետության իշխանությունները մտադիր են սահմանափակվել ապաստանի ընդամենը 37,5 հազար ընդունված հայտով: