Թուրքական լոբբիի հակահայ ջանքերն ԱՄՆ-ում ձախողվեցին. Էրդողանին անբարյացկամ ընդունեցին
Ամերիկյան «The Huffington Post» առցանց պարբերականը հոդված է հրապարակել թուրքական լոբբիստական կազմակերպության մասին, որը «փոքրիկ Հայաստանը» որպես «մեծ սպառնալիք» ներկայացնելու արշավ է սկսել:
Արշավը, կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, նվիրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին: Լոբբիստները կապ են հաստատել Կոնգրեսի պաշտոնատար անձանց հետ՝ խոսելով «ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի հետ մերձենալու» կարեւորության մասին: Որպես փաստարկ ներկայացվել է փաստը, որ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Հայաստանում:
Պարբերականի աղբյուրների համաձայն, լոբբիստական կազմակերպությունը հույս ունի կոնգրեսականների ստորագրությունները տեսնել երկու փաստաթղթերի տակ. դրանցից մեկն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին ուղղված նամակն է, որում նշվում է «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճող ռազմական ալյանսի» մասին, իսկ երկրորդը մեկ կոնգրեսականից մյուսին փոխանցվող նամակն է, որն ուղարկվելու է ապրիլի 4-ին, երբ Վաշինգտոնում կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նամակում Թուրքիա երկիրը չի հիշատակվում, սակայն փաստաթղթում կոչ է արվում սատարել դաշնակիցներին:
Կազմակերպությունը գործում է Առաջընթացի թուրքական ինստիտուտի անունից եւ, դրա ներկայացուցիչների խոսքով, չի ֆինանսավորվում կառավարության կողմից:
Հոդվածի հեղինակների կարծիքով, Հայաստանի եւ Ռուսաստանի մտերիմ հարաբերությունները գաղտնիք չեն փորձագետների համար, մինչդեռ Էրդողանին Վաշինգտոնում անբարյացկամ ընդունեցին: