ԿԺԴՀ-ն պատժամիջոցների հետեւանքով ստեղծված իրադրությունը համեմատել է Լենինգրադի շրջափակման հետ
https://parstoday.ir/hy/news/world-i10783-ԿԺԴՀ_ն_պատժամիջոցների_հետեւանքով_ստեղծված_իրադրությունը_համեմատել_է_Լենինգրադի_շրջափակման_հետ
Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներն իրենց հետեւանքներով գերազանցում են Լենինգրադի շրջափակումը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2016 11:37 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ն պատժամիջոցների հետեւանքով ստեղծված իրադրությունը համեմատել է Լենինգրադի շրջափակման հետ

Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներն իրենց հետեւանքներով գերազանցում են Լենինգրադի շրջափակումը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեի հայտարարությանը:

«ԿԺԴՀ-ն խեղդելու ԱՄՆ-ի եւ թշնամական մյուս ուժերի փորձերը հասել են աննախադեպ աստիճանի»,- հայտարարել են Փհենյանում: «Լենինգրադի շրջափակումը, որը սարսափ էր առաջացնում մարդկանց սրտերում որպես պատերազմների համաշխարհային պատմության մեջ ամենադաժան պատժամիջոցների դրսեւորում, եւ սառը պատերազմի ժամանակների Կարիբյան ճգնաժամը, հազիվ թե կարող են համեմատվել ներկայում Կորեական թերակղզում ստեղծված իրադրության հետ»,- նշել են ՊՊԿ-ում:

Պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ Փհենյանը ցանկացած պահի կարող է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային մասին:

Մարտի 30-ին հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը քաղաքացիներին նախազգուշացրել է երկրի տնտեսության մեջ վերահաս դժվարին ժամանակների մասին՝ կոչ անելով բնակչությանը՝ պատրաստ լինել սովին: Հարավկորեական ԶԼՄ-ների տվյալներով՝ իշխանությունները պարտավորեցրել են բնակչությանն ամսական մեկական կիլոգրամ բրինձ բերել պետական պահեստներ:

Տնտեսական ծանր իրադրությունը կարող է դառնալ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված աննախադեպ խիստ պատժամիջոցների հետեւանքը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Է ի պատասխան Փհենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկման եւ հեռահար հրթիռների արձակումների: