Բողոքի ակցիաներ Փարիզում, այս անգամ սև բաճկոնավորներն են փողոց դուրս եկել
Հարյուրավոր աֆրիկացի ապաստան հայցողներ, որոնց անվանում են սև բաճկոնավորներ, բողոքի ցույցեր անցկացնելով Փարիզում , կառավարությունից օրինական փաստաթղթեր են պահանջել Ֆրանսիայում բնակություն հաստատելու համար:
Ֆրանսիայում մոտ 300 աֆրիկացի ապաստան հայցողներ, որոնք իրենց անվանում են սև բաճկոնավորներ ուրբաթ օրը փողոց են դուրս եկել բողոքելու կառավարության դեմ:
Աֆրիկացիները, որոնց մեծ մասը եկել են արևմտյան Աֆրիկայի երկրներից, օրինական փաստաթղթեր են պահանջում Ֆրանսիայում բնակություն հաստատելու համար:
Ցուցարարների մյուս պահանջն էր հանդիպել և իրենց վիճակի մասին խոսել Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հետ:
Ակցիայի ընթացքում ապաստան հայցողներն այցելելով Պանթեոն, որտեղ թաղված են Վիկտոր Հյուգոյի և Էմիլ Զոլայի նման մեծերը, իրենց համարել են անհասցե ու անանուն անձինք Ֆրանսիայի տեսանկյունից, որոնք չունեն օրինական փաստատթղթեր և ոչ էլ նրանց ձայնն է դուրս գալիս:
Փարիզում սև բաճկոնավորների շարժումն սկսվել է Ֆրանսիայի դեղին բաճկոնավորների շարժումից ներշնչված:
Ֆրանսիայի դեղին բաճկոնավորների շարժումը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին, բողոքելով վառելիքը թանկացնելու և հարուստների հարկերը նվազեցնելու կապակցությամբ կառավարության որոշման դեմ: Սակայն ժամանակի ընթացքում նրանց պահանջներն ավելացան: