Բացահայտվել է Ասանժի միջամտությունն ԱՄՆ-ի 2016 թ. ընտրություններին
Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեան քողազերծել է 2016 թ.-ին Միացյալ Նահանգներում անցկացված նախագահական ընտրություններին Wiki Leaks-ի հիմնադրի՝ Թրամփի օգտին միջամտությունը:
Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեան երեքշաբթի օրն ասել է.«Wiki Leaks-ի հիմնադիրը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը եղած ժամանակ միջամտել է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին»:
Կորրեան հավելել է.«Wiki Leaks կայքը միայն դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին վերաբերող ինֆորմացիներ էր հրապարակում և խուսափում էր հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի վերաբերյալ ինֆորմացիաներ տարածել»:
Նշենք, որ Ջուլիան Ասանժը 2006 թվականին հիմնադրել է WikiLeaks-ը, որտեղ հրապարակվել և հրապարակվում են գաղտնի տեղեկություններ մի շարք կառավարությունների, այդ թվում ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին: Վախենալով Շվեդիայից ԱՄՆ արտահանձնելուց, որտեղ երկու կին նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար, Ասանժը 2012 թ. ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից ու գրեթե յոթ տարի անընդմեջ այնտեղ էր մնում:
2019 թվականին Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել, և չեղարկեց Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը անվտանգության ապահովման բոլոր լրացուցիչ միջոցառումները, որտեղ թաքնված էր Ասանժը, ինչից հետո Ասանժը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Մայիսին Լոնդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման՝ գրավի դիմաց ազատ արձակման պայմանների խախտման համար: