Էկվադորում հանրահավաքից հետո սպանել են նախագահի թեկնածուին
Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն սպանվել է մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո։ Մահափորձն իրականացվել է ընտրություններից մի քանի օր առաջ, հաղորդում է dw.com-ը։
Նրա մահը հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին, հաստատել է Էկվադորի ղեկավար Գիլերմո Լասսոն։ Նախագահի խոսքով՝ ինքը «վրդովված ու ցնցված է սպանությունից»։ Լասսոն համերաշխություն և ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի կնոջն ու դուստրերին և վստահեցրել, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։
«Կազմակերպված հանցավորությունը շատ հեռուն է գնացել, մարդասպանները կկանգնեն օրենքի ողջ բեռի առաջ»,-հավելել է պետության ղեկավարը։
El Universo թերթի տվյալներով՝ 59-ամյա Վիլյավիսենսիոն սպանվել է երեք կրակոցով։ Հրատարակության աղբյուրների նախնական տվյալների համաձայն՝ տուժել է ութ մարդ, նրանցից յոթը հոսպիտալացվել են։
Ազգային ոստիկանությունը գործողություն է սկսել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, փակել է փողոցները դեպքի վայրում։
Ըստ հարցումների՝ Վիլյավիսենսիոն չորրորդ տեղում էր նախագահի ութ թեկնածուների շարքում:
Էկվադորում արտահերթ ընտրությունները նշանակված են օգոստոսի 20-ին։
tert.am