Մակրոնը Մեծ Յոթնյակի ուղերձը կփոխանցի Իրանին
Մեծ Յոթնյակի խումբը Ֆրանսիայի նախագահին նշանակել է Իրանին ուղերձ փոխանցելու և Թեհրանի հետ բանակցություններ վարելու պատասխանատու:
Հղում անելով Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պաշտոնական աղբյուրին, «Ֆրանս Պրես»-ը հաղորդել է, որ Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարներն այդ հարցի շուրջ բանակցել են շաբաթ երեկոյան Ֆրանսիայի հարավ-արևմտյան Բիարից քաղաքում անցկացված գագաթաժողովում, և համաձայնության եկել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ վարի Իրանի հետ և ուղերձը փոխանցի Թեհրանին:
Գործակալությունը գրել է,որ առաջնային խնդիրը միջուկային զենքերին Իրանի հասանելիության կանխումն է և Պարսից ծոցում լարվածությունների վերացումը:
Աշխարհի յոթ արդյունաբերական երկրների ղեկավարների 45-րդ գագաթաժողովը մեկնարկեց օգոստոսի 24-ին՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում:
Մեծ Յոթնյակի երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Ճապոնիան: