Նյու Յորքում երեք երեխա է մահացել կորոնավիրուսի նման ախտանշաններ ունեցող հիվանդությունից
ԱՄՆ նահանգային իշխանությունները հայտարարել են, որ Նյու Յորքում երեք երեխա մահացել է հիվանդությունից, որն ըստ ամենայնի, կապված է նոր տիպի կորոնավիրուսի հետ:
«Նյու յորք թայմս» թերթի փոխանցմամբ՝ նահանգային իշխանությունները կիրակի օրը հայտարարել են,որ COVID-19 հիվանդության նման ախտանշաններով հիվանդությունը խլել է երեք երեխայի կյանքը: Հաղորդվում է , որ տասնյակ այլ երեխաներ վարակվել են այդ հիվանդությամբ:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն այդ կապակցությամբ հայտարարել է.«Սա նոր տիպի հիվանդություն է, որը շատ արագ տարածվում է»:
Կուոմոյի խոսքերով, հիվանդանոց տեղափոխած երեխաների մեծ մասը շնչառական խնդիրներ չեն ունեցել, սակայն նրանց մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել:
Նյու Յորքի նահանգապետն ասել է, որ հավանաբար, երեխաները մեկ շաբաթ առաջ են վարակվել կորոնավիրուսով, սակայն չեն թեստավորվել: