Բայդենի հնարավոր հաղթանակը մտահոգում է թուրքերին
https://parstoday.ir/hy/news/world-i127940-Բայդենի_հնարավոր_հաղթանակը_մտահոգում_է_թուրքերին
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում սկսված նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում են բոլորը: Թուրքիայում այն նույնպես դասվել է օրակարգային հարցերի շարքին, և մի շարք փորձագետներ փորձում են մեկնաբանել, թե ինչպիսին կլինի քաղաքական ապագան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2020 16:10 Asia/Tehran
  • Բայդենի հնարավոր հաղթանակը մտահոգում է թուրքերին

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում սկսված նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում են բոլորը: Թուրքիայում այն նույնպես դասվել է օրակարգային հարցերի շարքին, և մի շարք փորձագետներ փորձում են մեկնաբանել, թե ինչպիսին կլինի քաղաքական ապագան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրք քաղաքագետ Քուրշադ Զորլուն նույնպես հայտնել է իր տեսակետը. Բայդենի հաղթանակն, ըստ նրա,  այնքան էլ նպաստավոր չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Ըստ Զորլուի՝ «եթե ձայների հաշվարկն ընթանա ի օգուտ Բայդենի, ապա նոր նախագահի սեղանին կհայտնվեն մի շարք հարցեր, որոնք սերտ առնչություն ունեն Թուրքիայի հետ: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հարցն է»:

Քուրշադ Զորլուն նշում է, որ հայկական համայնքը Բայդենից սպասում է 5 կարևոր քայլի իրականացում, որոնք նաև տեղ են գտել նրա նախընտրական քարոզարշավում:

Դրանք են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումը, ինչպես նաև այնտեղ դիտորդների ուղարկումը հրադադարի ռեժիմը վերահսկելու համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ակտիվ ներգրավվածությունը գործընթացում, Հայաստանին տրամադրվող օգնության ավելացումը և Ադրբեջանին աջակցության սահմանափակումը:

Որպես վերջաբան, Քուրշադ Զորլուն կարծիք է հայտնում, թե «Բաքուն պետք է ակտիվացնի իր քայլերը  Լեռնային Ղարաբաղի հարցում իր նպատակին արագ հասնելու, քանի որ հակառակ դեպքում Բայդենը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի համար»:

Բայդենի քաղաքական անցյալը լի է հայամետ գործունեությամբ:  Նա մեծ ջանքեր է ներդրել ԱՄՆ Կոնգրեսում  Հայոց Ցեղասպանության ճանաչմանը ուղղությամբ: Այս տարվա ապրիլի 24-ին նա կոչ է արել ամբողջությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և  խոստացել աջակցություն այս հարցում:

Բայդենը Արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարել է.  «Մեկամսյա ռազմական գործողություններից հետո  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց պետք է սկսեր բանակցային գործընթացը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանական առաջխաղացումը կանխելու համար»: Ավելի ուշ նա նշել էր.  «Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարվածությունը թուլացնելու համար պետք է զանգահարի այդ երկրների ղեկավարներին, ինչպես նաև պահանջի, որ Թուրքիայի նման երկրները չխառնվեն հակամարտությանը»:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio