Ֆրանսիան ու ԱՄՆ-ն անհանգստացրել են Ալիեւին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետները նոյեմբերի 18-ին կմեկնեն Մոսկվա ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումների համար:
Ինչ բովանդակությամբ են լինելու քննարկումները, պարզ չէ, սակայն դրանց առնչությամբ հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության առիթով Ֆրանսիայի եւ ԱՄՆ հայտարարություններից: Մասնավորապես, Փարիզը հայտարարել է, որ պետք է սահմանվի ԼՂ-ի (Արցախ) կարգավիճակը: Միաժամանակ Ֆրանսիան հայտարարել է, որ բացում է դռները Հադրութի տեղահանված բնակիչների համար, որպեսզի նրանք իր միջոցով բարձրաձայնեն իրենց իրավունքների եւ խնդիրների մասին:
Այդ ֆոնին, Ադրբեջանի նախագահ Ալիեւը երեկ հայտարարեց, որ չի կարող լինել ԼՂ-ի (Արցախ) որեւէ կարգավիճակ: Իսկ Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու Էրդողանի առաջարկին: Միաժամանակ, ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելլը Թվիթերում գրել է, որ ըստ իր ստացած տեղեկության՝ Թուրքիան մտադիր է շարունակել մերձավորարեւելյան վարձկանների տեղափոխումն Ադրբեջան:
Բաքուն ու Անկարան թերեւս փորձում են կանխել անցանկալի զարգացումներն այն դեպքի համար, եթե խնդիրներ առաջանան եռակողմ հայտարարության մասով, կապված Մինսկի խմբի, այդ թվում՝ Ռուսաստանի դիրքորոշման հետ:
ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ շտապեց հայտարարել, որ Ռուսաստանը թույլ չի տա եռակողմ համաձայնագրի խախտում: Սա մի կողմից հավաստիացում է թուրքերին ու ադրբեջանցիներին, որ Մոսկվան չի պատրաստվում «գցել» իրենց: Մյուս կողմից սակայն Լավրովի հայտարարությունը բազմիմաստ է, նկատի ունենալով այն, որ եռակողմ համաձայնագիրը առաջին հերթին ենթադրում է պատերազմի դադարեցում: Հետեւաբար, Լավրովի հայտարարությունը, թե թույլ չեն տա համաձայնագրի խախտում, կարող է վերաբերել հենց այդ հանգամանքին՝ թույլ չեն տա ռազմական որեւէ մասշտաբի սադրանք:
Այդ իմաստով թերեւս էական է, թե ինչ ընթացք եւ արդյունք կարող են ունենալ Մոսկվայում սպասվող ամերիկա-ռուս-ֆրանսիական քննարկումները:
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio