Ստեփանակերտում բնակֆոնդը չի հերիքում. ինչպես և որտեղ են տեղավորում Շուշիի բնակիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i128610-Ստեփանակերտում_բնակֆոնդը_չի_հերիքում._ինչպես_և_որտեղ_են_տեղավորում_Շուշիի_բնակիչներին
ԼՂ-ի (Արցախ) մայրաքաղաք են գնում նաև Հադրութի շրջանի և Շուշիի փախստականները, որոնք մեծ թիվ են կազմում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 14:32 Asia/Tehran
  • Ստեփանակերտում բնակֆոնդը չի հերիքում. ինչպես և որտեղ են տեղավորում Շուշիի բնակիչներին

ԼՂ-ի (Արցախ) մայրաքաղաք են գնում նաև Հադրութի շրջանի և Շուշիի փախստականները, որոնք մեծ թիվ են կազմում։

Պատերազմի ընթացքում տեղահանվել է Շուշիի ամբողջ բնակչությունը` Քարինտակ գյուղի բնակիչների հետ միասին, մոտավորապես 6000–ից ավելի մարդ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում փոխանցել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վյաչիսլավ Գաբրիելյանը։ Նա հիմա Շուշիի շրջանի փախստականների լիազոր ներկայացուցիչն է։

«Արդեն 800 ընտանիքի գրանցել եմ։ Հայաստանում գտնվողների հետ հեռախոսային կամ ինտերնետային կապի մեջ եմ, տվյալները ճշտում, գրանցում եմ»,–ասաց նա։

Գաբրիելյանի խոսքով`100–ից ավելի ընտանիքներ արդեն վերադարձել են Ստեփանակերտ։ 

«Եկածներին տեղավորում ենք Ստեփանակերտի տարբեր հյուրանոցներում, սեփական տներում, որոնց վճարը պետությունն է տալիս։ Մի մասն էլ բարեկամների ընկերների տանն է առայժմ տեղավորվել»,–ասում է պատասխանատուն։

Նա նաև նշում է, որ Ստեփանակերտում բնակֆոնդը չի հերիքում, քանի որ այստեղ են գտնվում նաև Հադրութի շրջանի և Շուշիի փախստականները, որոնք մեծ թիվ են կազմում։

«Կառավարության մակարդակով սպասում ենք համապատասխան քայլերի, որպեսզի այդ մարդկանց բնակարաններով կամ բնակելի վայրերով ապահովենք` հյուրանոցներում, դպրոցներում, մանկապարտեզներում, ինչպես Հայաստանում էր արվում, մինչև հիմնական կացարանի հարցը լուծվի»,–ասում է Գաբրիելյանը։

Նա հավաստիացնում է, որ  ԼՂ-ի (Արցախ)  պետական բոլոր հիմնարկ- ձեռնարկությունները կատարում են աշխատանքներ  բնակիչների սննդի կազմակերպումը, հագուստի տրամադրումը ապահովելու, որոշակի փոխհատուցումներ կատարելու համար։ Գաբրիելյանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1–ից հունվարի 1–ը ցանկացած փախստական արցախցու կտրվի 300 հազար դրամ, իսկ այն թոշակառուները, որոնք 60 հազար դրամից ցածր թոշակ էին ստանում, նրանք հավելավճարներ կստանան կառավարության կողմից։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio