Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցով բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i12925-Պուտինն_ու_Օբաման_քննարկել_են_Սիրիայի_հարցով_բանակցությունները
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման ապրիլի 18-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի հարցով ժնեւյան բանակցությունները: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2016 19:21 Asia/Tehran
  • Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցով բանակցությունները

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման ապրիլի 18-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի հարցով ժնեւյան բանակցությունները: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ հավաստելով, որ պատրաստ են նպաստել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ այդ երկրում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդմանը, ինչպես նաեւ մի շարք շրջաններ մարդասիրական օգնության հասանելիության ապահովմանը:

Զրուցակիցները պայմանավորվել են այսուհետ եւս համակարգել սիրիական ուղղությամբ երկու երկրների ջանքերը, այդ թվում՝ հատուկ ծառայությունների եւ պաշտպանական գերատեսչությունների մասով: Այդ նպատակով լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն՝ հրադադարի ռեժիմի խախտմանն օպերատիվ արձագանքելու համար:

Նախագահներն ընդգծել են ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւում միջսիրիական բանակցությունների կարեւորությունը, որոնք պետք է նպաստեն հակամարտության քաղաքական կարգավորման ուղիներ գտնելուն:

Նախագահ Օբաման Պուտինին շնորհակալություն է հայտնել Սիրիայում ամերիկյան քաղաքացի Ք.Դոուսի ազատ արձակմանը ռուսական կողմի աջակցության համար:

Ուկրաինայի իրադրության հարցով քննարկման ժամանակ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով ուկրաինական նոր կառավարության ձեւավորումը, Կիեւը վերջապես կոնկրետ քայլեր կձեռնարկի 2015 թվականի փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունների իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ Դոնբասի հետ ուղղակի երկխոսություն սկսելու, համաներման, սահմանադրական բարեփոխումների եւ հատուկ կարգավիճակի մասին Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների հետ համաձայնեցված օրենքն ուժի մեջ մտցնելու վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի հրատապ այլ հարցեր, ներառյալ՝ մերձավորարեւելյան կարգավորումը: