Ժնեւում միջսիրիական բանակցությունները, չնայած ընդդիմության դեմարշին, կշարունակվեն
https://parstoday.ir/hy/news/world-i12967-Ժնեւում_միջսիրիական_բանակցությունները_չնայած_ընդդիմության_դեմարշին_կշարունակվեն
Ժնեւում միջսիրիական բանակցությունները կշարունակվեն, չնայած այն բանին, որ ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ներկայացուցիչները հայտարարել են, թե որոշել են դադար վերցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի միջնորդությամբ Շվեյցարիայում ընթացող բանակցություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2016 07:25 Asia/Tehran
  • Ժնեւում միջսիրիական բանակցությունները, չնայած ընդդիմության դեմարշին, կշարունակվեն

Ժնեւում միջսիրիական բանակցությունները կշարունակվեն, չնայած այն բանին, որ ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ներկայացուցիչները հայտարարել են, թե որոշել են դադար վերցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի միջնորդությամբ Շվեյցարիայում ընթացող բանակցություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պաշտոնապես բանակցությունները փուլը չի չեղարկվել, ինչպես դա արդեն տեղի է ունեցել տարեսկզբին, սակայն ԲԲԿ-ի պատվիրակները որոշել են չլքել հյուրանոցը եւ ՄԱԿ-ի հանձնակատարի հետ երկխոսություն չվարել Ազգերի պալատում՝ Ժնեւում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքի կենտրոնակայանում: Նրանք պատրաստ են այս դիրքը բռնել, քանի դեռ կառավարական ուժերը չեն դադարեցնի հարձակումը, այդ թվում՝ Հալեպի վրա, ինչպես նաեւ չեն սկսի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի դրույթները:

«ԲԲԿ-ն բանակցություններին մասնակցությունը կվերսկսի հետեւյալ պայմաններով՝ հումանիտար մուտքի, թշնամական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովում, կալանավորված անձանց ազատում»,- ապրիլի 18-ի երեկոյան լրագրողներին ասել է ԲԲԿ-ի անդամ Մոնզեր Մանհուսը: Ընդսմին նա հավելել է, որ ընդդիմադիրները մտադիր չեն արագորեն հրաժարվել իրենց պահանջներից: «Դադարը կշարունակվի, քանի դեռ պայմանները չեն կատարվել»,- ասել է նա:

Դե Միստուրան ինքը հորդորել է լրագրողներին՝ դրամայի չվերածել իրադրությունը, հայտարարելով, որ թեեւ ԲԲԿ-ի ընդդիմադիրները չեն հայտնվի ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում, նրանց հետ տեխնիկական կոնսուլտացիաները կշարունակվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: