Մամուլի տեսություն 20-04-2016
Դիմադրողական տնտեսության շրջանակում հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնումը և արտաքին քաղաքականության հնարավորությունների օգտագործումն անհրաժեշտություն է:
«Դոնյայե էղթեսադ»
Դիմադրողական տնտեսության իրագործման շրջանակում արտաքին քաղաքականության հնարավորությունների օգտագործումն անհրաժեշտություն է
«Դոնյայե էղթեսադ» (Տնտեսության աշխարհ) օրաթերթը գրել է.«Դիմադրողական տնտեսության շրջանակում հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնումը և արտաքին քաղաքականության հնարավորությունների օգտագործումն անհրաժեշտություն է»:
Թերթի այսօրվա համարում ասված է.«Դիմադրողական տնտեսությունը կարևորում է տարածաշրջանի ու աշխարհի երկրների հետ համագործակցության ընդլայնումը և ռազմավարական կապերի խորացումը»:
Իրանի տնտեսական կողմնորոշումն ուղղված է արտադրության կառուցվածքների ամրապնդմանը, ներքին ու արտաքին վնասների դիմակայմանը և ազգային անվտանգության պահպանմանը:
«Միջազգային գործակցություններում Իրանի ներկայությունը, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների առիթների օգտագործումը, արտադրության ու առևտրի ցիկլերում ներգրավվածությունը և միջազգային աշխատանքի բաժանումն անհրաժեշտություններ են»,-գրել է թերթը:
---
«Ղոդս» օրաթերթ
Իրաքում ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարությունը
Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետն ասել է.«ԱՄՆ-ն հասել է այն եզրակացության ,որ Իրաքում կորցրել է իր ռազմաբազան և փորձում է վերականգնել այն»:
Թեհրանում լույս տեսնող Ղոդս օրաթերթում լույս տեսած վերլուծականում փորձագետ՝ Հասան Հանիզադեն անդրադառնալով ԱՄՆ պաշտպանության նախարար՝ Էշթոն Քարթերի Բաղդադ կատարած այցին և այդ երկրի քաղաքական պաշտոնատարների հետ բանակցություններին, նշել է.«Վաշինգտոնը Բաղդադի հետ կնքած անվտանգության համաձայնագրից հետո, իր մեծ թվով զինված ուժերին դուրս է բերել Իրաքից և այժմ հասել է այն եզրակացության ,որ իր ռազմաբազան կորցրել է այդ երկրում»:
Հասան Հանիզադեն հավելել է.«Քուրդստանի տարածքի հնարավոր անջատման հարցը , Իրաքում ԱՄՆ ռազմակայանների ընդլայնումը և Իրաքի հյուսիսում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առաքելությանը վերջ դնելը Էշթոն Քարթերի Բաղդադ կատարած այցի ծրագրերից են եղել»:
Հանիզադեն հստակեցրել է.«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրս գալը Աֆղանստանից հանգեցրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի անվտանգության ու ռազմական ներազդեցության թուլացմանը և Իրաքի այժմյան պայմանները պատեհ առիթ են ստեղծել Արևմտյան Ասիայում ամերիկյան ուժերի ներկայության համար»:
Փորձագետն ընդգծել է.«Իրաքի իշխանության մեջ տարաձայնությունների ծագումը առթել է ԱՄՆ-ի մտահոգությունը և այդ այցը ոչ միայն ռազմական ու անվտանգության բնույթ է կրում ,այլև քաղաքական առումով Վաշինգտոնը մտահոգ է Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադիի կառավարության հնարավոր տապալման կապակցությամբ»:
---
Galatv.am
Ռուսաստանում ցանկանում են Սպիտակ Տանը տեսնել Թրամփին
The Independent
«Միայն մեկ երկրում, եւ դա ԱՄՆ-ը չէ, ցանկանում են Դոնալդ Թրամփին տեսնել Սպիտակ տանը՝ նախագահի դերում»,-The Independent-ում գրում է Ռեյչեր Ռեւեսը:
«YouGov ընկերության անցկացրած հարցումների համաձայն, Ռուսաստանը մեծ տնտեսություն ունեցող միակ երկիրն է, որտեղ Թրամփին գերադասել են Հիլարի Քլինթոնից: Հարցմանը մասնակցել է 20 հազար մարդ G20-ի կազմի մեջ մտնող բոլոր երկրներում: Ռուսաստանում Թրամփն առաջ է անցել տիկին Քլինթոնից 21%-ով, իսկ 15 այլ երկրներում Հիլարին առաջատար է ավելի մեծ տոկոսային տարբերությամբ»:
«Տիկին Քլինթոնի՝ Թրամփի նկատմամբ առավելության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեքսիկայում (54%) եւ համեմատաբար ոչ այնքան բարձրը Չինաստանում (12%)»:
«Նույն հարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիների 79%-ը դժգոհ է իր սոցիալ-տնտեսական վիճակից (այդ ցուցանիշով ՌԴ քաղաքացիները 2-րդ տեղում են՝ առջեւում թողնելով Հարավային Կորեայի բնակիչներին), սակայն ռուսաստանցիների 74%-ը պատրաստ է քվեարկել նախագահ Պուտինի օգտին, ով մեծ վստահություն է վայելում հանրության շրջանում»,- նշել է The Independent-ի հոդվածագիրը:
---
Armradio.am
Զախարովա. Հրադադարի ռեժիմի վերադառնալուց հետո ՌԴ միջնորդական աշխատանքը չի դադարում
Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար, այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի աշխատանքը, որպես միջազգային միջնորդի, ղարաբաղյան հարցում ոչ մի դեպքում չի դադարեցվում հրադադարի ռեժիմի վերադառնալու մասին կողմերի որոշումից հետո: Ռուսաստանի արտգործնախարարությունը գլխավոր խնդիր համարում է ետ մղված գործընթացը նախկին դիրքերին վերադարձնելը»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այժմ բավականին բարդ կլինի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար մթնոլորտ ստեղծել:
Նրա խոսքով նման վայրիվերումներից, արյունալի ողբերգություններից հետո դա բավականին բարդ է անել, և որոշում պետք է ընդունեն հակամարտող կողմերը, իսկ Ռուսաստանը որպես միջնորդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պարտավոր է աջակցել կողմերին լուծում գտնել:
Զախարովայի խոսքով, ամբողջ աշխատանքն այժմ իրականացվում է հակամարտության կարգավորման գործնական արդյունքների ձեռքբերման ուղղությամբ, թեև դրանց հասնելը դյուրին չէ: «Իհարկե, այժմ ընթացող բանակցությունները կոնկրետ քայլերի շուրջ է, որոնք կարելի էր ձեռնարկել: Երկու կողմերից էլ կան բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ, խնդրահարույց հարցեր, որոնք շատ բարդ է կարգավորել: Այդ նպատակով էլ գոյություն ունի միջնորդական առաքելությունը, որպեսզի փոխզիջումներ գտնվեն»,- ասել է Զախարովան: