Մամուլի տեսություն 21-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i13294-Մամուլի_տեսություն_21_04_2016
Իսլամական հեղափոխությունը ձախողման մատնեց տարածաշրջանի մասնատմանն ուղղված արևմուտքի պլանը և Իրանը, որպես իսլամական կրոնների ու ազգերի միասնության խորհրդանիշ դարձել է Իսլամ աշխարհի մասնատման կողմնակիցների աչքի փուշը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2016 09:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-04-2016

Իսլամական հեղափոխությունը ձախողման մատնեց տարածաշրջանի մասնատմանն ուղղված արևմուտքի պլանը և Իրանը, որպես իսլամական կրոնների ու ազգերի միասնության խորհրդանիշ դարձել է Իսլամ աշխարհի մասնատման կողմնակիցների աչքի փուշը։


«Ռեսալաթ»

Սաուդյան Արաբիան և Արևմուտքը իսլամ աշխարհի սահմանների դեմ ուղղված սպառնալիք են

Սաուդյան Արաբիան Միջինարևելյան տարածաշրջանի մասնատմանն ուղղված արևմուտքի քաղաքականությունների շրջանակում է քայլ վերցնում։

Ռեսալաթ թերթը գրում է․-«Ֆեդերալիզմ բառով Իսլամական երկրների մասնատման գաղափարը տարածվում է արևմտյան երկրների կողմից ,որի հիմքում ընկած են ազգությունն ու աղանդավորությունը»։

«Ֆեդերալիզմը արևմուտքի նշանաբանն է տարածաշրջանը մասնատելու համար ,և այսօր այս գործընթացին թափ են հաղորդում Սաուդյան Արաբիայի ղեկավարները, որոնք նավթային դոլարներով հրի ու սրի են քաշում Եմենի, Սիրիայի ու Իրաքի անմեղ ժողովուրդներին»,- գրում է Ռեսալաթ թերթը։

«Ահաբեկչական խմբավորումներին աջակցելը և տարածաշրջանում այդ խմբավորումների պաշտպանմանն ուղղված ջանքերն արևմուտքի , հատկապես ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի համատեղ ռազմավարությունն են համարվում», նշել է Ռեսալաթ թերթը։

«Արևմուտքը մի կողմից իր համար զուգամերձություն է հորդորում ,իսկ երբ հերթը հասնում է Իսլամ աշխարհին տարածաշրջանի երկրների մասնատման ուղղությամբ է քայլ անում։Իսլամական հեղափոխությունը և իսլամական հանրապետության համակարգը  ձախողման մատնեցին տարածաշրջանի մասնատմանն ուղղված արևմուտքի պլանը և Իրանը, որպես իսլամական կրոնների ու ազգերի միասնության խորհրդանիշ դարձել է Իսլամ աշխարհի մասնատման կողմնակիցների աչքի փուշը»,-եզրափակում է Ռեսալաթ թերթը ։


---

«Իրան»

Սաուդյան Արաբիան ջանքեր է գործադրում տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու համար

Արևմտյան Ասիայի հարցերով քաղաքագետն ասել է․-«Սաուդյան Արաբիան կառչելով այլ երկրներին և հիմնվելով նրանց քաղաքական ու ռազմական պոտենցիալների վրա, փորձում է վերականգնել իր դերակատարությունը տարածաշրջանային իրադարձություններում»։

Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթին տված հարցազրուցում քաղաքագետ՝ Սաբահ Զանգանեն հավելել է․-«Սաուդյան Արաբիան չի կարողացել հասնել իր տարածաշրջանային նպատակներին,ուստի նա հայտնվել է տարածաշրջանային և նույնիսկ միջազգային մեկուսացման մեջ»։

Սաբահ Զանգանեն անդրադառնալով Սաուդյան Արաբիայի թագավորի Եգիպտոս կատարած այցին հստակեցրել է․-«Սաուդյան Արաբիան քաղաքական մեկուսացումից դուրս գալու համար փորձում է իր հարաբերություններն ամրապնդել Եգիպտոսի հետ և վերականգնել իր ռազմավարական դիրքը արաբական աշխարհի իրադարձությունների ուղղորդման հարցում»։

«Եգիպտոսի իշխանավորները թեև կանգնած են տնտեսական բազում խնդիրների առջև ,բայց երբեք չեն համաձայնվի անվտանգության ու ռազմական հարցերում իրենց երկրի ղեկը հանձնել այլ երկրների», համոզմունք է հայտնել քաղաքագետ Զանգանեն։

Նրա խոսքերով՝ Սաուդյան Արաբիան իր ներազդեցությունը տարածաշրջանում տարածելու համար միջամտեց Սիրիայի ներքին գործերին և հարձակվեց Եմենի վրա,բայց այդ քայլերը ոչ միայն հաջողություն չբերեցին սաուդացիներին, այլև Ռիադին կանգնեցրին ավելի մեծ խնդիրների առջև։

«Սաուդյան Արաբիայի ղեկավարները մեծ ջանքեր են գործադրում Կահիրեին ներքաշելու տարածաշրջանային ճգնաժամերի մեջ»,ասել է քաղաքագետը։

---

Galatv.am

21-րդ դարում ոչ թե բանակը ,այլ ինտեգրումն է երկրի հզորության կարևոր բաղադրիչը

Աղբյուր՝ The Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

«Սառը պատերազմի ժամանակ պետության հզորության ցուցիչ էին ռազմական ուժը եւ տնտեսական ազդեցությունը»,-The Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է New America հետազոտական կենտրոնի նախագահ Էնն-Մարի Սլոթերը:

«Այսօր աշխարհում, որտեղ երկրներն ավելի ու ավելի են կախված միմյանցից, մի պետության կողմից մեկ այլ պետության հանդեպ ուժի կիրառումը գործնականում անհնար է եւ աներեւակայելի: Ոչ պակաս կարեւոր են փոխադարձ կապերը: Առավել մեծ քանակությամբ կապերի, ազդեցիկ եւ վերահսկող տեղեկատվական հոսքերի տիրապետող պետությունների համար ավելի դյուրին է աշխարհում ինչ-որ փոփոխությունների հասնել, քան նրանց, որոնք միայն հսկայական բանակ ունեն»,-կարծում է փորձագետը:

McKinsey ընկերության տվյալներով, աշխարհի ամենաինտեգրված երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը` միջազգային նավագնացության եւ ֆինանսական հոսքերի խաչմերուկում գտնվող ոչ այնքան մեծ, մատչելի եւ բաց տնտեսությամբ պետությունը:

«Հաջող ինտեգրման համար դեռեւս մեծ նշանակություն ունի էներգետիկան, սակայն հաջորդ տասնամյակում շատ ավելի կարեւոր կլինի համաշխարհային թվային հոսքերի վրա ազդեցությունը: Մենք կդառնանք ականատես բարդ գործիքների մշակման, որոնք թույլ կտան կիրառել թվային պատժամիջոցներ`կոնկրետ երկրների համար արգելափակելով կոմերցիայի, տեղեկատվության եւ ենթակառուցվածքների տեսակները»,-նշում է Սլոթերը:

«Ի դեպ, ինտեգրման տեսանկյունից օգտակար է դիտարկել Բրիտանիայի`Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ վեճի օրինակը: McKinsey-ի ինդեքսը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակը ձեռնտու է 2 կողմերին էլ»:

«Ինտեգրումը հզորության կարեւոր բաղադրիչ է 21-րդ դարում, եւ եթե Բրիտանիան լքի Եվրամիությունը, երկուսն էլ շատ բան կկորցնեն` եւ մայրցամաքը, եւ կղզին: Միավորված Եվրոպան հզոր է եւ առավել ամուր է կապված մնացյալ աշխարհի հետ»,-գրում է The Financial Times-ը:

---

Galatv.am

«Վլադիմիր Պուտինին հարկ է վստահել Եվրոպայի կառավարումը»․ Բ․ Էքլսթոուն

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

«Անգլիացի հանրահայտ գործարար, «Ֆորմուլա-1»-ի հիմնադիր Բերնի Էքլսթոունը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին հարկ է վստահել Եվրոպայի կառավարումը, նաեւ նշել է, ներգաղթը Բրիտանիային ոչ մի օգուտ չի բերել»,- The Guardian հանդեսում գրում են Անուշկա Աստխանան եւ Ռովենա Մեյսոնը:

«Իմ կարծիքով Եվրոպայի դերն ու նշանակությունը նվազել է, եւ վերջ: Թող Պուտինը գա եւ կառավարի Եվրոպան»,-հայտարարել է Էքլսթոունը WPP ընկերության ղեկավար Մարտին Սորելի հետ բանավեճի ժամանակ:

Վերջինս հետաքրքրվել է, թե 86-ամյա գործարարը որ Եվրոպան ի նկատի ունի՝ Արեւմտյա՞նը, թե՞ Արեւելյանը, եւ ինչպես կարելի է պատկերացնել, որ Պուտինը նստի Բրյուսելում եւ ղեկավարի Եվրոպան:

«Մենք պետք է ազատվենք Բրյուսելից, եւ թող նա (Պուտինը-խմբ.) պարզապես ղեկավարի բոլորին: Նա անում է այն, ինչ խոստանում է, նա գործը միշտ հասցնում է ավարտին: Մարդիկ լավ չեն հասկանում, թե նա ինչ է ուզում անել: Նա ցանկանում է Ռուսաստանին դարձնել այնպիսին, ինչպիսին եղել է նախկինում»,-ասել է Էքլսթոունը: