Շոյգուն անդրադարձել է «Թուրանի բանակի» ստեղծման մասին խոսակցություններին
https://parstoday.ir/hy/news/world-i136052-Շոյգուն_անդրադարձել_է_Թուրանի_բանակի_ստեղծման_մասին_խոսակցություններին
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է, որտեղ նաև թուրքալեզու բնակչություն է ապրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2021 10:24 Asia/Tehran
  • Շոյգուն անդրադարձել է «Թուրանի բանակի» ստեղծման մասին խոսակցություններին

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է, որտեղ նաև թուրքալեզու բնակչություն է ապրում:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է Թուրքիայում ու հետխորհրդային որոշ պետություններում, մասնավորապես՝ Ղազախստանում, առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները «Մեծ Թուրանի» ու «Թուրան բանակ» ստեղծելու մասին: Ղազախական Tengrinews.kz պարբերականին տված հարցազրույցում ռուս նախարարը հիշեցրել է, որ թուրքալեզու ժողովուրդներ են բնակվում նաև Ռուսաստանի տարածքում։ Ուստի անհասկանալի է, թե ում դեմ են ուղղված նման խոսակցությունները։

«Առաջին բանը, որ ուզում եմ ասել այդ մարդկանց, չգիտեմ էլ, քաղաքական գործիչներ անվանել նրանց, թե ինչ։ Լավ, ասենք` դուք երազում եք դրա մասին, դուք դրան ուղղված ինչ-որ քայլեր եք փորձում անել։ Ինչի՞ համար և ու՞մ դեմ։ Նույն թուրքալեզու ժողովուրդները բնակվում են Ռուսաստանի տարածքում, նրանք բավական շատ են։ Մեր երկիրը բազմակրոն է և բազմազգ։ Եվ մենք դարերով միասին ենք ապրում», - ասել է Շոյգուն։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ նախարարը հիշեցրել է, որ Մոսկվայի ու Անկարայի միջև «շատ բարդ, շատ դժվար, բայց շատ արդյունավետ աշխատանք է ընթանում»: Նրա խոսքով՝ աշխատանքը բարդ է, քանի որ խանգարում են, խանգարում է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։

«Իհարկե, դա խանգարում է, բայց դա ինքնին, ես կասեի` նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիրը ՆԱՏՕ-ում է, մյուսը՝ ոչ։ Երկու երկրները լեզու են գտնում, իրականացնում են համատեղ աշխատանք և համատեղ գործողություններ, գտնում են փոխզիջումներ այնտեղ, որտեղ երբեմն թվում է` անհնար է դա անել։ Բայց մենք լուծման տարբերակներ ենք գտնում», - հավելել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Որպես օրինակ` նա նշել Է Սիրիայում Իդլիբի դեէսկալացիոն գոտին։ Շոյգուն ասել է, որ ընդհանուր առմամբ, ժամանակին Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը դարձել է նման հակամարտությունների լուծման նոր էջ ու մեխանիզմ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio