Մեծ Բրիտանիայում սկսվում է երիտասարդ բժիշկների առաջին համընդհանուր գործադուլը
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երիտասարդ բժիշկների առաջին համընդհանուր գործադուլը կսկսվի երեքշաբթի և կտևի 2 օր։
«Շտապօգնության» բաժանմունքներում բողոքի ակցիայի ժամանակ անձնակազմի անբավարարության պատճառով օգնություն կարող են ստանալ միայն ամենածանր հիվանդները, փոխանցում է РИА Новости-ն։
Գործադուլին կմասնակցեն բժիշկներ, որոնց աշխատանքային փորձը չի գերազանցում 10 տարին և ովքեր Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամներ են. ընդհանուր առմամբ, կմասնակցի 37.000 մարդ:
Նախորդ ակցիաները հանգեցրել են հազարավոր վիրահատությունների և բուժզննումների ու անալիզների հետաձգմանը: Այս անգամ բողոքի ակցիային առաջին անգամ կմասնակցեն վերակենդանացման, շտապօգնության և ծննդաբերական բաժանմունքների աշխատակիցները:
Գործադուլի պատճառով կչեղարկվի մոտ 113.000 բուժզննում և 12.800 վիրահատություն։