Թուրքիայի ԱՄՆ դեսպանատունը «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի ԱՄՆ դեսպանատունը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Türkiye» թերթի կայքին:
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ հայտարարությունն իր բովանդակությամբ նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Սակայն, եթե Օբաման իր ելույթում այս անգամ ևս չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը, այլ միայն սահմանափակվեց հայկական «Մեծ եղեռն» բնորոշմամբ, ապա Թուրքիայի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը:
Այս իրադարձությունը մեծ բողոքի ալիք է առաջացրել թուրքերի շրջանում, ինչից հետո ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սոցցանցերից ջնջել է գրառումը, իսկ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից հեռացրել է «ցեղասպանություն» բառը:
armedia.am
26/4/2016