Դուբայի փողոցներում հայտնվել է «անօդաչու» ավտոբուս
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի Դուբայ քաղաք-էմիրության փողոցներում սկսել է շրջել առանց մարդու ղեկավարման ավտոբուս:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի էմիրության ղեկավար Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ-Մակտումը:
Նա ընդգծել է, որ խոսքը «խելացի ավտոբուսի» մասին է, և ներկայացրել է նրա լուսանկարը՝ հավելելով, որ Դուբայը ներկայացնում է ապագա քաղաքի համաշխարհային օրինակ և վերածվում է տեխնոլոգիաների խոշորագույն փորձարարական հարթակի:
«Խելացի ավտոբուսը» նախատեսված է 10 ուղևորի համար: «Անօդաչու» ավտոբուսում անվճար շրջելու հնարավորություն ունեն բոլոր ցանկացողները:
Ավտոբուսն ունի սենսորային հաղորդիչ սարքերի առաջադեմ համակարգ և ուղևորների անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներ:
Ավտոբուսի փորձարկման հաջողության դեպքում Դուբայի կառավարությունը կգնի նման ավտոբուսներ: Ալ Մակտումը հայտարարել է, որ ծրագրված է մինչև 2030 թվականը ինքնակառավարվող տրանսպորատյին միջոցներով փոխարինել սովորական ավտոբուսների մեկ քառորդը: