Ճգնաժամային վիճակ ԱՄՆ-ի որոշ հիվանդանոցներում
ԱՄՆ-ի որոշ շրջանների հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված հիվանդների մեծ թիվը ճգնաժամային վիճակ է ստեղծել:
CNN հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Մոնթանա և Ալյասկա նահանգներում որոշ հիվանդանոցներ այցելուների թվի պատճառով այնքան ճնշման տակ են, որ հարկադրված սահմանափակել են բուժծառայությունները:
Հաղորդման համաձայն, իրավիճակն էլ ավելի վատ է Այդահո նահանգում, որտեղ առողջապահության պատասխանատուներն ասում են, որ իրենք ակտիվացրել են այսպես կոչված «բուժման կարևոր չափանիշները» ամբողջ նահանգի հիվանդանոցներում (դրանով իսկ մեծ փոփոխություններ կատարելով բուժման աշխատանքներում):
Հաղորդման համաձայն, բոլոր հիվանդները՝ սկսած քաղցկեղով հիվանդներից մինչև նրանք, ովքեր սպասում են փոխպատվաստման, հնարավոր է բուժման ընթացքի հետաձգումներ ունենան, քանի որ հիվանդանոցային ռեսուրսները վերապահված են կորոնավիրուսով հիվանդներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար: