ՄԱԿ. Մենք ընդհամենը 135 միլիոն դոլար ենք ստացել Աֆղանստանին օգնելու համար
ՄԱԿ -ը հայտարարել է, որ Աֆղանստանին օգնելու համար անդամ երկրների կողմից խոստացված 1,2 միլիարդ դոլարի մարդասիրական օգնությունից ստացել է ընդհամենը 135 միլիոն դոլար:
ՄԱԿ -ի Բնակչության հիմնադրամի տնօրեն Նատալյա Կանեմը Աֆղանստանում տիրող իրավիճակը մտահոգիչ է որակել և նախազգուշացրել է երկրում սովի տարածման վտանգի կապակցությամբ:
Նատալյա Կանեմը հայտարարել է, որ ձմռանն ընդառաջ և «Թալիբանի ժամանակավոր» կառավարության երերուն վիճակի ու կազմակերպվածության բացակայության պատճառով, աֆղանցիների առնվազն մեկ երրորդին սպառնում է սովը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմը նախազգուշացրել է, որ Աֆղանստանի առողջապահական համակարգը կանգնած է փլուզման եզրին, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այն փրկելու և պահպանելու համար, երկիրը կանգնելու է հումանիտար աղետի առջև:
Չնայած ՄԱԿ -ը 45 միլիոն դոլարի շտապ օգնություն է տրամադրել Աֆղանստանի առողջապահական մարմիններին, սակայն այդ երկրի կարիքները շատ ավելի մեծ են: