Պուտինը. Ռուսաստանը սովորել է արդյունավետ կերպով հետ մղել անօդաչուների հարձակումները
Ռուսաստանը սովորել է արդյունավետորեն հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վերջին տարիների հակամարտություններում իրենց ցույց են տվել որպես արդյունավետ եւ վտանգավոր զենք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր մենք կխոսենք անօդաչու ինքնաթիռների զարգացման մասին։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն իրեն երաշխավորել վերջին տարիների զինված հակամարտություններում, որքան արդյունավետ եւ որքան վտանգավոր կարող է լինել մեզ համար՝ նկատի ունենալով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ ահաբեկչական հարձակումներն անօդաչուների օգտագործմամբ։ Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները եւ անում ենք (դա - խմբ.) բավականին արդյունավետ»,- ասել է Պուտինը Սոչիում ՌԴ Զինված ուժերի եւ պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ ռուսական բանակը զինված է ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքերով։ «Այժմ մենք ծառայության մեջ ունենք ավելի քան 2 հազար անօդաչու թռչող սարք, մենք պետք է շարունակենք աշխատել դրանց վրա եւ աշխատենք նույնքան ջանասիրաբար, որքան վերջին շրջանում էր՝ այդ թվում նկատի ունենալով նաեւ արհեստական ինտելեկտի օգտագործումը, գիտական եւ տեխնոլոգիական ամենաժամանակակից ձեռքբերումները։ Եվ, իհարկե, նկատի ունենալով այն փորձը, որը մենք ինքներս ունենք այդ ինքնաթիռներն օգտագործելիս»,- ասել է նա։
news.am