Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը թույլ կտա խնդիրների համալիր լուծում գտնել. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i154876-Հայ_ադրբեջանական_սահմանի_սահմանագծումը_թույլ_կտա_խնդիրների_համալիր_լուծում_գտնել._Զախարովա
Նրա խոսքով` ակտիվ աշխատանք է տարվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 14:09 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը թույլ կտա խնդիրների համալիր լուծում գտնել. Զախարովա

Նրա խոսքով` ակտիվ աշխատանք է տարվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը։

 Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա առկա խնդիրներին համալիր լուծում գտնել։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ երեք երկրների ղեկավարների կողմից լիակատար հրադադարի և ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության բոլոր ուղղություններով աշխատանքը շարունակվում է։

Աշխատանքների ընթացքը քննարկվել է նոյեմբերի 1 – ին և 2 - ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի նրա գործընկերների միջև կայացած հեռախոսազրույցներում:

«Նախարարները համակարծիք էին այն գնահատականներում, որ անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։

Երևանում և Բաքվում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի հետ շարունակական փոխգործակցության միջոցով։ Ջանքեր են գործադրվում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ շարունակվում են շփումները երեք երկրների ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների գծով՝ սահմանային միջադեպերի կարգավորման նպատակով: Ռուսաստանը նաև խնդրի համալիր լուծում է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ սկսումը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Ակտիվ աշխատանք է տարվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021թ.-ի մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերի սահմաններին սադրանքներ անելը Ադրբեջանի կողմից շարունակական բնույթ է կրում։

Քաղաքական ղեկավարության խոսքով` խնդիրը կլուծվի դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո։