Մոսկվան հերքել է ղարաբաղյան հրադադարի մասին անհիմն հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i155168-Մոսկվան_հերքել_է_ղարաբաղյան_հրադադարի_մասին_անհիմն_հայտարարությունները
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարելիցին ՌԴ ԱԳ նախարարությունը հերքել է սոցցանցերում արված որոշ անհիմն հայտարարությունները հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2021 14:57 Asia/Tehran
  • Մոսկվան հերքել է ղարաբաղյան հրադադարի մասին անհիմն հայտարարությունները

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարելիցին ՌԴ ԱԳ նախարարությունը հերքել է սոցցանցերում արված որոշ անհիմն հայտարարությունները հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Մոսկվայի, Երևանի և Բաքվի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի առաջին տարելիցի առիթով ՌԴ ԱԳ նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.«Ռուսաստանը  չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր բնագավառներում»։

ՌԴ ԱԳ նախարարությունն ընդգծել է.«Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»:

«ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղարար ջանքերն ուղղված էին, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն: «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր են և իրականության հետ որևէ կապ չունեն», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Երևանի և Բաքվի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։