ՀՀ սահմանին սկսված մարտերը հաջողվել է կանգնեցնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i156114-ՀՀ_սահմանին_սկսված_մարտերը_հաջողվել_է_կանգնեցնել_Ռուսաստանի_ջանքերի_շնորհիվ._Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, թե ինչպես կարելի է կայունացնել իրադրությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 11:15 Asia/Tehran
  •  ՀՀ սահմանին սկսված մարտերը հաջողվել է կանգնեցնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, թե ինչպես կարելի է կայունացնել իրադրությունը։

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարգավորելու գործում, իսկ իրադրության կայունացման հնարավոր է հասնել միայն Ղարաբաղի վերաբերյալ ընդհանուր պայմանավորվածությունները կատարելու ճանապարհով: Այսօր լրագրողներին է ասել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը շարունակելու է դա անել (միջնորդել բանակցություններում)։ Մեր կարծիքով` իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։ Բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտավորություններին, և դա կլինի նման միջադեպերի չվերսկսման գրավականը», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:

«Դուք գիտեք, որ առաջին հերթին, իհարկե, ակտիվ ջանքեր գործադրեց նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ նպատակով երեկ տեղի ունեցավ նրա զրույցը ՀՀ վարչապետի հետ։ Ռազմական գործողությունների վերսկսումը երեկ լուրջ մտահոգության առիթ էր դարձել։ Բայց միջնորդական ջանքերի շնորհիվ ռուսական կողմին հաջողվեց զսպվածության կոչ անել հակամարտող կողմերին», - ասել է Պեսկովը։Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները   հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:

Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,  որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով  Ադրբեջանն ունի մինչև 70 զոհված և վիրավոր, Հայաստանն 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

armeniasputnik.am