Ֆելգենհաուերը գնահատել է հայ-ադրբեջանական պատերազմի բռնկման եւ նոր բախումների հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i156614-Ֆելգենհաուերը_գնահատել_է_հայ_ադրբեջանական_պատերազմի_բռնկման_եւ_նոր_բախումների_հավանականությունը
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները ոչ թե նոր պատերազմի սկիզբ են, այլ ընդամենը ընդհարում շփման գծում, թեեւ բավականին լուրջ ընդհարում։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2021 17:38 Asia/Tehran
  •  Ֆելգենհաուերը գնահատել է հայ-ադրբեջանական պատերազմի բռնկման եւ նոր բախումների հավանականությունը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները ոչ թե նոր պատերազմի սկիզբ են, այլ ընդամենը ընդհարում շփման գծում, թեեւ բավականին լուրջ ընդհարում։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը որոշ չափով մտել է այս գործընթացի մեջ, քանի որ այժմ բացարձակապես շահագրգռված չէ իրավիճակի բարդացմամբ՝ հաշվի առնելով տարբեր ուղղություններով առկա բազմաթիվ այլ խնդիրներ (Կենտրոնական Ասիա, Բելառուս, Ուկրաինա եւ այլն)։ Մոսկվայի հոգսն այս պահին Անդրկովկասը չէ, ուստի այստեղ նա, ըստ փորձագետի, կայունություն կպահպանի։

«Հարավային Կովկասում իրավիճակն այժմ սառեցված է, սակայն երբեմն թեժանում է, քանի որ սկզբունքային հարցերն ընդհանրապես լուծված չեն։ Սա նշանակում է, որ բախումները շարունակվելու են»,- ընդգծել է Ֆելգենգաուերը։

Նա հավելել է, որ վերջին բախման ժամանակ յուրաքանչյուր կողմ կարող էր հետապնդել իր նպատակները։

«Հայաստանի համար կարեւոր է էապես փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, եւ դրա համար նա կարող է փորձել ներգրավել Ռուսաստանին։

Ադրբեջանն իր հերթին շահագրգռված է հայկական կողմի վրա ճնշում գործադրելու եւ ականապատ դաշտերի քարտեզը ձեռք բերելու մեջ, քանի որ լուրջ խնդիրներ ունի այն շրջաններում, որոնք 1994 թվականից Հայաստանի վերահսկողության տակ են գտնվել։

Բացի այդ, Ադրբեջանի համար կարեւոր է միջանցք ունենալ դեպի Նախիջեւան, այնտեղից էլ դեպի Թուրքիա, որպեսզի Հայաստանն ազատ ելք չունենա դեպի Իրան, որտեղ դիրքորոշում է ստեղծվել, որ Երեւանի հետ հարաբերություններն ավելի լավ են, Բաքվի հետ՝ բարդ։ Այս առումով, Ադրբեջանի համար կարեւոր է Իրանից անկախ միջանցք ստանալ եւ, հնարավորության դեպքում, կտրել Հայաստանի ելքը դեպի Իրան», - նշել է փորձագետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի դեմ, ինչը հանգեցրեց լոկալ մարտերի՝ հրետանու, զրահատեխնիկայի եւ հրազենի կիրառմամբ եւ երկու կողմերից մարդկային զոհերով։ Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են։

news.am