Հունաստանի քաղաքացիները հրկիզել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դրոշները
Հունաստանի քաղաքացիները բողոքել են այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ՝ հրկիզելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները։
«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի հյուսիսային Ալեքսանդրոպոլիս նավահանգստային քաղաքի բնակիչները շաբաթ օրը ցույց են կազմակերպել՝ ընդդեմ այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման։
Հույն-ամերիկյան ռազմական պայմանագրին դեմ կոմիտեի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ալեքսանդրոպոլիս նավահանգստի օգտագործումը Միացյալ Նահանգների զինվորականների կողմից։
Նա նշել է, որ ոչ ոք պարզապես չի կարող լուռ հետևել, թե ինչպես են Արևելյան Մակեդոնիայի քաղաքն ու շրջանը վերածվում իմպերիալիստական հենակետի։
Ավելի վաղ այս նավահանգստային քաղաքի թատրոնում տեղի էր ունեցել հերթական բողոքի ակցիան ընդդեմ ԱՄՆ-Հունաստան ռազմական համաձայնագրի և երկրում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման։
Վերջերս Միացյալ Նահանգները և Հունաստանը ստորագրեցին պաշտպանական համաձայնագիր, որն ամերիկյան զորքերին թույլ կտա տեղակայվել Հունաստանի տարբեր շրջաններում: