Միայն երկխոսությունը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման. Միշել
https://parstoday.ir/hy/news/world-i157408-Միայն_երկխոսությունը_կհանգեցնի_Հայաստանի_և_Ադրբեջանի_հարաբերությունների_կարգավորման._Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համոզված է, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 10:42 Asia/Tehran
  • Միայն երկխոսությունը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համոզված է, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման։

 Միշելը նման հայտարարություն է արել «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։

Նրա խոսքով` տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր և պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան նոր ջանքեր։

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, ինչպես նաև կօժանդակի կամուրջներ կառուցելուն»,–ասել է նա։

Միշելը վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա, ըստ նրա, ներառում է վստահության ամրապնդումն ու կայուն կարգավորման խթանումը։

Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։

Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

armeniasputnik.am