Թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին. Չավուշօղլու
Թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին։
Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Twitter-ի իր էջում:
«Վաղը կայանալիք նիստում մենք կծանոթանանք իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Թուրքիայում ուշադիր հետևում են Ղազախստանում տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անընդունելի էր համարել, որ Ղազախստանը օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին, որը ներկա պահին նախագահում է Հայաստանը։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
armeniasputnik.am