Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i170710-Ալիևը_խոսել_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_ներկայացուցիչների_նոր_հանդիպման_մասին
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսի սկզբին Բրյուսելում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 08:19 Asia/Tehran
  • Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսի սկզբին Բրյուսելում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովի ժամանակ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է Եվրոպական միության, մասնավորապես Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում` հիշեցնելով նրա նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու եռակողմ հանդիպումների մասին:

«Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը մայիսի սկզբին կրկին Բրյուսելում անցկացնելու ծրագրեր կան», - հայտարարել է Ալիևը:

Բացի այդ, Ալիևը կրկին որոշել է Հայաստանին կոչ անել հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի տարածաշրջանում «մեկուսացված կղզի» մնալ։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

armeniasputnik.am