ՄԱԿ-ը խնդրանքով դիմել է Պուտինին
https://parstoday.ir/hy/news/world-i172034-ՄԱԿ_ը_խնդրանքով_դիմել_է_Պուտինին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիզլին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` կոչ անելով բացել Սև ծովի ուկրաինական նավահանգիստները։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2022 19:22 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը խնդրանքով դիմել է Պուտինին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիզլին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` կոչ անելով բացել Սև ծովի ուկրաինական նավահանգիստները։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:

«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կմահանան, որովհետև այդ նավահանգիստներն արգելափակված են։ Եթե Դուք աշխարհի հանդեպ կարեկցանք ունեք, անկախ Ուկրաինայի հետ հարաբերություններից` պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է նա։

Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքի կենսական կարևորության պաշարներ ունի, ներառյալ՝ ցորենը, որոնք պետք են մյուս պետություններին: Նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացել 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի տնտեսությունը կփլուզվի:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Ուկրաինայի նավահանգիստներում 25 մլն տոննա հացահատիկ է արգելափակվել։ Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, քանի որ երկրից հնարավոր չէ ցորեն արտահանել:

Ռազմական հատուկ գործողությունից առաջ Ուկրաինան եգիպտացորենի չորրորդ ամենախոշոր արտադրողն էր աշխարհում և ցորենի մատակարարումների ցուցանիշով զբաղեցնում էր վեցերորդ տեղը` ըստ Ցորենի միջազգային խորհրդի (IGC) տվյալների:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։

armeniasputnik.am