Մամուլի տեսություն 18-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i17554-Մամուլի_տեսություն_18_05_2016
Հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը աննախադեպ ճեղքվածք է առաջացրել այդ կուսակցությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 13:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-05-2016

Հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը աննախադեպ ճեղքվածք է առաջացրել այդ կուսակցությունում:


«Էթելաաթ»

Հիլարի Քլինթոնը կամ Դոլանդ Թրամփը, ընտրություն վատի ու վատթարի միջև

ԱՄՆ ներկուսակցական ընտրություններն այն դեպքում են հասել վերջնական փուլին, երբ ընտրողների մեծ մասը չեն ցանկանում քվեարկել Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուներին:

Էթելաաթ թերթի այսօրվա վերլուծականում ասված է.«ԱՄՆ-ի 2016 թ.-ի նախագահական ընտրությունները մեծ հավանականությամբ դառնալու են նախկին պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնի և ամերիկացի միլիարդատեր՝ Դոնալդ Թրամփի մրցակցության դաշտը: Ընտրողների մեծ մասը բացասական կարծիք ունեն դեմոկրատական թեկնածու՝ Թրամփի մասին»:

«Վեց ամիս է մնացել նախագահական ընտրությունների անցկացմանը և այդ ընտրապայքարը սոցցանցերում սահմանափակվել է անհատականության սայթաքումներով, ֆինանսական հավակնություններով և միմյանց դեմ դիրքորոշումներով», գրում է թերթը:

«Հանրապետականների ներկուսակցական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը աննախադեպ ճեղքվածք է առաջացրել այդ կուսակցությունում: Երկու թեկնածուները պնդում են,որ իրենք ներկայացնում են ԱՄՆ քաղաքացիների այն խմբին,որոնք առավել քան ուրիշները շրջափակման մեջ են գտնվում», ասված է թերթում:

«Թրամփը իրեն ներկայացնում է քիչ եկամուտ ունեցող սպիտակամորթների ներկայացուցիչը, իսկ Հիլարի Քլինթոնն էլ ԱՄՆ-ում էթնիկ փոքրամասնությունների պաշտպանման ջատագովի դերում է հանդես գալիս»-ամփոփում է Էթելաաթ թերթի հոդվածագիրը:

ԱՄՆ-ի 58-րդ նախագահական ընտրությունները կայանալու են 2016 թ.-ի նոյեմբերի 8-ին:

---

Էըթեմադ

Իրան-Իրաք ռազմավարական համագործակցություն՝ տարածաշրջանի իրադարձություններում

Իրանում Իրաքի իսլամական գերագույն խորհրդի ներկայացուցիչը ռազմավարական է գնահատել երկու երկրի համագործակցությունը տարածաշրջանի իրադարձություններում:

Էըթեմադ թերթի այսօրվա համարին տված հարցազրույցում Իրանում Իրաքի իսլամական գերագույն ներկայացուցիչ՝ Մաջե Ղեմասն ասել է.«Տարածաշրջանի ռազմավարական հարցերում ոչ մի տարաձայնություն չկա Թեհրանի ու Բաղդադի միջև»:«Թեհրանի ու Բաղդադի միջև կա սերտ հարաբերություն,ինչը բխում է Իրանի իսլամական հանրապետության կողմից Իրաքի կառավարությանը ցուցաբերվող աջակցությունից»,-ասել է նա:

Իրանում Իրաքի գերագույն խորհրդի ներկայացուցչի խոսքերով՝ ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարում Իրանի իսլամական հանրապետության կողմից Իրաքին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել,ինչը չափազանց ազդեցիկ ու արդյունավետ է եղել : «Իրաքում ներքին միասնության պահպանումը և քաղաքական բոլոր խմբերի կողմից կառավարությանն ու խորհրդարանին ցուցաբերվող հովանավորությունն անհրաժեշտություն է», -ասել է Իրանում Իրաքի գերագույն խորհրդի ներկայացուցիչը:

---

Armedia.am

Կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը. ԼՂ ԱԳՆ

Դրական ենք գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ և աջակցություն ենք հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտոնական կայքէջից:

Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թ․և 1995 թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը։

Նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ։ Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով։

---

Armedia.am

Նազարբաևը վախենում է ուկրաինական սցենարի՞ց

Ապրիլի վերջին-մայիսի սկզբին Ղազախստանի արևմուտքում և հարավում, մասնավորապես՝ Ատիրաու, Ակտոբե, Սեմեյ, Կըզըլօրդա քաղաքներում, չարտոնված ցույցերի ալիք անցավ՝ «Օտարերկրացիներին հող չենք տա» կարգախոսի ներքո: Առիթը մարտի վերջին ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևի հաղորդումն էր այն մասին, որ կառավարությունը մտադիր է հուլիսի 1-ից աճուրդով վաճառքի հանել գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչպես նաև Հողային օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք թույլատրում են օտարերկրացիներին գյուղատնտեսական հող վարձակալել ոչ թե 10 տարով, ինչպես առաջ էր, այլ՝ 25:

Ցուցարարներին անհանգստացնում է այն, որ այս ամենը կհանգեցնի հարևան Չինաստանի ձեռներեցների կողմից իրենց տարածքների գնմանը: Պետական մարմինների ներկայացուցիչների ուշացած պարզաբանումներն այն մասին, թե հողային բարեփոխումը Ղազախստանի անվտանգության և ինքնորոշման համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում, չհանգստացրեցին ցուցարարներին: Շատերի կարծիքով, ցույցերի պատճառը ոչ միայն հողային բարեփոխումն է, այլև Ղազախստանում տնտեսական վիճակի վատթարացումը:

Նշենք, որ Ղազախստանի նման մի երկրում, որտեղ դեռ խորհրդային ժամանակներից իշխանության գլուխ է կանգնած Նուրսուլթան Նազարբաևը, նման ցույցերը շատ հազվադեպ են: Այս երկրում, որտեղ բնակվում են 130 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ, ղեկավարության կողմից ամեն ինչ արվում է, որ լինի համերաշխություն, միասնություն և խաղաղություն:

Նազարբաևը, լինելով շատ հմուտ քաղաքական գործիչ և զգալով, որ բնակչության «համբերության բաժակը կարող է լցվել», շատ արագ արձագանքեց ցույցերին: Նա իսկույն հայտարարեց, որ խոսքը չի գնում օտարերկրացիներին հող վաճառելու մասին և դադարեցրեց արդեն ընդունված և ուժի մեջ մտած օրենքի գործողությունը: «Մեզ հարկավոր չեն այնպիսի օրենքներ, որոնք ժողովրդին դուր չեն գալիս: Սակայն հարկ է նաև բացատրել, որ եթե այդ օրենքի չեղարկումը պահպանվի, գյուղատնտեսության վիճակը կարող է վատանալ», - ասել է ՂՀ նախագահը:

Երկրի ղեկավարը մեղադրել է կառավարությանը, որ բնակչությանը հանրամատչելի կերպով բացատրություն չի տրվել նոր բարեփոխումների մասին: Նա քննադատել է կառավարության անդամներին, որոնք «փախչում են լրագրողներից, չեն ցանկանում պատասխանել տարրական հարցերի»:

 Արդյունքում հողային բարեփոխումը Ղազախստանում հետաձգվեց մինչև 2017թ., իսկ իրենց պաշտոններից զրկվեցին ազգային էկոնոմիկայի նախարարը և փոխնախարարը, գյուղնախարարին էլ հայտարարվեց ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին:

Ղազախստանի նախագահը հստակորեն հայտարարեց, որ Ղազախստանում թույլ չի տա «ուկրաինական սցենարի» կրկնություն և նախազգուշացրեց, որ իշխանությունները կոշտ միջոցներ կձեռնարկեն կարգուկանոնը խախտողների նկատմամբ: «Ղազախստանցիները չեն ցանկանում ուկրաինական իրադարձությունների կրկնությունը Ղազախստանում: Ես դա գիտեմ: Թող բոլորը լսեն, ովքեր ցանկանում են դա այստեղ բերել. մենք ամենակոշտ միջոցները ձեռք կառնենք: Սա իմացեք, որ հետո չասեք, թե ես չեմ նախազգուշացրել», - ասել է Նազարբաևը:

Վերլուծաբանների կարծիքով, հողային բարեփոխումը միայն առիթ էին, որ բնակչությունն արտահայտի իր մեջ վաղուց արդեն կուտակված դժգոհությունը: Տնտեսական և սոցիալական վիճակի վրա ազդել են նավթի գների նվազումը, ազգային արժույթի՝ թենգեի 45%-ով անկումը դոլարի նկատմամբ:

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում Ղազախստանում տեղի է ունեցել թենգեի երեք ուժեղ արժեզրկում, մեքենաշինության մեջ անկումը կազմել է 30%, մանրածախ առևտրում՝ 6%, սպասվում է, որ 2016թ. երկրում ՀՆԱ աճ չի լինի:

Արդեն լուրեր են տարածվել, որ մայիսի 21-ին սպասվում է համաղազախստանյան ցույց հողային հացի վերաբերյալ: Այս կապակցությամբ ուժային կառույցները բերման են ենթարկում ակտիվիստներին, իրականացնում ձերբակալություններ և խուզարկություններ: Իշխանությունները վախենում են անկարգություններից և նրանից, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա:

 ---