Մամուլի տեսություն 19-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i17668-Մամուլի_տեսություն_19_05_2016
Եվրոպական երկրները դրական դիրքորոշում են կիրառել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2016 12:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-05-2016

Եվրոպական երկրները դրական դիրքորոշում են կիրառել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ։

Իրան

Իրան-Խորվաթիա համագործակցության նոր հեռանկարներ

Եվրոպական երկրները ողջունելով աշխարհի հետ Իրանի կառավարության կառուցողական գործակցության կողմնորոշումը, Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու քաղաքականություն են վարում։

Թեհրանում լույս տեսնող «Իրան» թերթն այսօր իր վերլուծականում գրել է․-«11-րդ կառավարության իշխանության գալուց ի վեր,Իրանը աշխարհի հետ կառուցողական համագործակցություն ծավալելու քաղաքականություն է վարում: Եվրոպական երկրները ողջունել են Թեհրանի կողմնորոշումը և դրական դիրքորոշում են կիրառել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ։

«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրումը և տարածաշրջանային հակամարտություններում հատկապես Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական խմբերի դեմ մղվող պայքարում Իրանի կառուցողական դերակատարությունը Խորվաթիային մղել են մյուս եվրոպացի գործընկերների կողքին Իսլամական հանրապետության հետ քաղաքական , տնտեսական ու խորհրդարանական շփումների ընդլայնմանը ձեռնամուխ լինել», գրում է Իրան թերթը։

Մինչ այժմ երկու երկրի պաշտոնատարների փոխայցելությունների արդյունքում ստորագրվել են մոտ 20 համաձայնագիր ու փոխըմբռնման հուշագիր։

«Խորվաթիան ցանկանում է դառնալ Իրանի տնտեսական կարևոր գործընկերներից մեկը, հատկապես իրանական գազը եվրոպական երկրներին մատակարարելու ոլորտում»․-ամփոփում է թերթը։

Նշենք,որ երեքշաբթի օրը Խորվաթիայի նախագահ՝ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Թեհրան։

 

 

«Էըթեմադ»

Իրանը և Հնդկաստանը արևմտյան Ասիայի երկու հզոր երկրներ

Իրանն ու Հնդկաստանը Արևմտյան Ասիայի (Առաջավոր Ասիա) երկու կարևոր ու ազդեցիկ երկրներ են,որոնք ունեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համատեղ շահեր։

«Էըթեմադ» թերթն իր այսօրվա համարում անդրադառնալով Հնդկաստանի վարչապետի առաջիկայում Թեհրան կատարելիք այցին գրել է․-«Իրանի և Հնդկաստանի մոտ դիրքորոշումները կարող են մեծ շահ բերել միջազգային համակարգին այն էլ աշխարհի այժմյան քաղաքական լարված պայմաններում»։

«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Թեհրան կատարելիք այցի շրջանակներում ստորագրվելու են տնտեսական կարևոր համաձայնագրեր», տեղեկացնում է թերթը:

Ասիայի և Միջին արևելքի տարածաշրջանների իրադարձությունները միշտ ազդել են արևմտյան Ասիայի ,այդ թվում Հնդկաստանի վրա և ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրանի իսլամական հանրապետության և Հնդկաստանի միանման դիրքորոշումը կարող է նպաստել ահաբեկչության անմարդկային քայլերի սանձման գործին:

«Հնդկաստանի վարչապետի Թեհրան կատարելիք այցի ընթացքում տնտեսական , քաղաքական ու անվտանգության ոլորտներում համագործակցությունները նոր էջ կբացեն երկու երկրի հարաբերություններում» ,-ամփոփում է Էըթեմադ թերթը:

 ---

 


Ժամանակ

Հնարավոր է՝ սա տակտիկական քայլ էր Ալիեւի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով. Ռիչարդ Կիրակոսյան

 

Պատասխանելով Վիեննայում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպման մասին «Ժամանակ» թերթի հարցին, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է․-« Վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջեւ Վիեննայում կարեւոր էր մի քանի պատճառներով: Նախ՝ կարեւոր էր այն, որ հանդիպումը կայացավ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը Ղարաբաղում, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը: Դա Ադրբեջանի ամենախոշոր հարձակումն էր 1994թ. զինադադարի հաստատումից հետո: Միայն փաստը, որ նախագահները հանդիպեցին՝ ինքնին շատ կարեւոր է:

Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսաստանում՝ Սոչիում կամ այլուր, այլ Վիեննայում: Սա ռուսական դիվանագիտական նախաձեռնություն չէր, հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էր՝ հավասարապես թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Ֆրանսիայի ջանքերով:

Երրորդ կարեւոր գործոնն այն է, որ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Քերին, ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչպես նաեւ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Սա ավելի ներկայացուցչական դարձրեց հանդիպումը:

Չնայած այս ամենին, ես փոքր-ինչ թերահավատ եմ, քանի որ Ադրբեջանի նախագահը տվել է համաձայնություն հանդիպելու ՀՀ նախագահի հետ հունիսին, բայց պարտադիր չէ, որ կատարի իր խոստումը: Եվ վերջապես՝ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը եւ համաձայնել է զինադադարի համաձայնագրի իրագործման մշտադիտարկմանը եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այսպիսով, ՀՀ պահանջներից շատերը կատարվեցին այս հանդիպմանը, բայց վտանգ կա, որ Ադրբեջանը խաղում է ժամանակի վրա, եւ պարզ չէ, թե որքանով կկատարի իր խոստումը եւ թույլ կտա՞ արդյոք ստեղծել հետաքննության մեխանիզմները»,-նշել է քաղաքագետը:

«Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ: Հայաստանի պահանջներից շատերը ընդունվեցին Վիեննայի գագաթնաժողովում: Սա Հայաստանի դիվանագիտական հաղթանակ է, բայց գլխավոր խնդիրը, ինչպես արդեն նշեցի, այն է, թե հավատարիմ կլինի՞ Ադրբեջանը իր խոստումներին, թե՞ ոչ: Ես շարունակում եմ թերահավատ մնալ եւ շատ անհանգստացած եմ: Ադրբեջանն այսօր մեկուսացած վիճակում է, քանի որ նա է ագրեսորը եւ լուրջ սպառնալիք է առաջացրել տարածաշրջանային անվտանգության համար: Ալիեւը վերադարձավ դիվանագիտական դաշտ, գնաց Վիեննա: Առայժմ վաղ է ասել, թե ո՞րն էր սրա իրական պատճառը: Հնարավոր է՝ սա տակտիկական քայլ էր Ալիեւի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով, որովհետեւ իրականում չկա որեւէ բան, որն առաջիկա ամիսներին հետ կպահի Ադրբեջանին նոր հարձակումից», -ասել է քաղաքագետ՝ Ռիչարդ Հովհաննիսյանը:

---

News.am

 Ղարաբաղի խնդիրը միջազգային հանրությանը մտահոգում է մասամբ խողովակաշարերի պատճառով

Մայիսի 17-ին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունից մի քանի ժամ անց շփման գծում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինծառայողներ են զոհվել, գրում է Reuters գործակալությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում առաջինն էր մարտական գործողությունների վերսկսումից հետո, գրում է գործակալությունը՝ հավելելով, որ ապրիլին տասնյակ զինվորներ են զոհվել, իսկ հարևանների միջեւ հարաբերություններն ավելի են վատացել, քան եղել են տարիներ շարունակ:

Գործակալությունը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ի հաղորդագրությունը, որի համաձայն հայ զինծառայող է զոհվել Ադրբեջանի կողմից հրաձգության հետեւանքով: Նաեւ նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանձին բանակցություններ է ունեցել երկու երկրների առաջնորդների հետ: «Հակամարտությունը միջազգային համայնքին մտահոգում է մասամբ որովհետեւ այն կարող է ապակայունացնել իրավիճակը մի տարածաշրջանում, որը միջանցքի դեր է կատարում համաշխարհային շուկաներ նավթ ու գազ մատակարարող խողովակաշարերի համար»,- ասվում է հոդվածում: