Ռուսաստանը բոյկոտել է առաջիկա «Օսկար» մրցանակաբաշխությունը
Ռուսաստանը որոշել է ֆիլմ չառաջադրել «Օսկար»-ի 2023 թվականի մրցանակաբաշխությանը։
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ուկրաինայի պատերազմի ֆոնին Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով ՌԴ կինոակադեմիան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտնել է 2023 թվականի «Օսկար»-ին չմասնակցելու Ռուսաստանի որոշման մասին:
«Ակադեմիայի ղեկավար կազմը հրաժարվել է ազգային ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի 2023 թվականի մրցանակաբաշխությանը»,ասված է հաղորդագրության մեջ:
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովն ասել է, որ Մոսկվան «Օսկար»-ին մասնակցելով ոչինչ չի շահի։
Միխալկովը, ով 1995 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն օտարալեզու ֆիլմի համար, անիմաստ է անվանել «Օսկարի» մրցանակաբաշխությանը Ռուսաստանից ֆիլմի առաջադրումը և դրա փոխարեն առաջարկել է համարժեք մրցանակ սահմանել եվրասիական տարածաշրջանի երկրների համար։
Մինչ այժմ 65 երկներ ընտրել են իրենց ֆիլմերը՝ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցելու համար: «Օսկար 2023»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցելու համար երկրները մինչև 2022 թ. հոկտեմբերի 3-ը ժամանակ ունեն իրենց ֆիլմերը ներկայացնելու համար: Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում։