ՀԱՊԿ-ը չի կարողացել Ադրբեջանի ագրեսիային արձագանքել օպերատիվ եւ արդյունավետ
Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ռուս գործընկերներին, շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Վոլոդինին հրավերի համար՝ նշելով, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է մեր երկրների ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության վրա:
Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքը քաղաքական ակտիվ երկխոսությունն է բոլոր մակարդակներում, մասնավորապես, մեր երկրների ղեկավարների միջեւ, որոնք նախանշում են համագործակցության դինամիկան բոլոր ոլորտներում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում խորհրդարանական փոխգործակցության առանցքային դերը՝ կարեւորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերն այս համատեքստում շոշափել են առաջիկա նախագծերին առնչվող թեմաներ՝ փաստելով, որ աշխատանքները պետք է շարունակել համակարգային հիմքի վրա՝ ունենալով զարգացման հստակ՝ կոլեգիալության եւ ռազմավարական գործընկերության պահպանման սկզբունքներով նախանշված վեկտոր:
Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան:
news.am