Մամուլի տեսություն 25-05-2016
ԱՄՆ-ում ու Եվրոպայում Ալե Սաուդյան ռեժիմի հովանավորները նախազգուշացրել են Եմենում Սաուդյան Արաբիայի վարած միլիտարիստական ու անխոհեմ քաղաքականությունների հետևանքների կապակցությամբ:
Ջոմհուրի Էսլամի
Ալե Սաուդյան ռեժիմի հովանավորները դժգոհ են Եմենում ընթացող իրադարձություններից
Եմենում Ալե Սաուդյան ռեժիմի լարվածություն հարուցող քաղաքականությունը բացահայտել է Սաուդյան Արաբիայի արևմտյան հովանավորների դժգոհությունը: «Ջոմհուրի Էսլամի» թերթի այսօրվա խմբագրական հոդվածում ասված է.«Ալե Սաուդյան ռեժիմը և նրա դաշնակիցները ոչ միայն Եմենում չեն հասել իրենց նպատակներին , այլև նույնիսկ այդ պատերազմական ոճրագործությունները հանգեցրել են հակառակ արդյունքի, ինչը Սաուդյան Արաբիայի դիրքը առավել քան երբևէ խարխլել է աշխարհի հատկապես տարածաշրջանի հանրային կարծիքի մոտ»:
«ԱՄՆ-ում ու Եվրոպայում Ալե Սաուդյան ռեժիմի հովանավորները նախազգուշացրել են Եմենում , Իրաքում ,Բահրեյնում, Սիրիայում ու Լիբանանում Սաուդյան Արաբիայի վարած միլիտարիստական ու անխոհեմ քաղաքականությունների հետևանքների կապակցությամբ»-գրում է թերթը:
«Քուվեյթում Եմենի խաղաղության բանակցությունները ևս ապարդյուն անցան Սաուդյան Արաբիայի խափանարարությունների պատճառով»,-ամփոփում է Ջոմհուրի Էսլամի թերթը:
---
Շարղ
ՕՊԵԿ-ի կարևոր դերակատարությունն՝ էներգետիկայի համաշխարհային շուկայում
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի նախկին ներկայացուցիչն ասել է.«Էներգետիկայի համաշխարհային շուկայում այս կազմակերպությունը ազդեցիկ ու կարևոր դեր ունի »:
Թեհրանում լույս տեսնող «Շարղ» օրաթերթի այսօրվա համարին տված հարցազրույցում, ՕՊԵԿ-ում Իրանի նախկին ներկայացուցիչ՝ Սեյյեդ Մոհամմեդ Ալի Խաթիբին ասել է.«Անցած երեք և չորս տասնամյակների ընթացքում նավթի շուկայի կառավարումը ՕՊԵԿ-ի տրամադրության տակ էր և կազմակերպության անդամ երկրները տակավին ցանկանում են ,որ այդ կազմակերպության կողմից կառավարվի էներգետիկայի համաշխարհային շուկան»:
Սխալ համարելով ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների վարած քաղաքականությունը,Խաթիբին ասել է.«Այս երկրների քայլերը ոչ միայն չեն իրականացրել նրանց քաղաքական նպատակները, այլև տնտեսական առումով իրենց վնասին են եղել»:
«ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ, այդ թվում Իրանը և Իրաքը նոր ներդրումներ են կատարում նավթի և արդյունահանման հնարավորությունները մեծացնելու բնագավառներում»,հստակեցրել է ՕՊԵԿ-ում Իրանի նախկին ներկայացուցիչը:
---
Financial Times
Թրամփի հաղթանակի դեպքում Ռուսաստանը եւ Չինաստանը ԱՄՆ-ի տեղը կզբաղեցնեն համաշխարհային թատերաբեմում
Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային թատերաբեմում ԱՄՆ-ի տեղը կզբաղեցնեն նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Financial Times-ին:
Պարբերականը նշում է, որ Թրամփը հաճախ հայտարարում է, որ «կվերադարձնի ԱՄՆ-ի նախկին փառքը», սակայն համաշխարհային կարգի վերաբերյալ նրա հայացքները հակառակի մասին են վկայում: Դա ապացուցելու համար հոդվածի հեղինակը վերլուծում է միլիարդատիրոջ արտաքին քաղաքական հայացքները:
Ասիայի առումով Թրամփը նախատեսել է չինական ապրանքների վրա մաքսեր մտցնել, ինչպես նաեւ վերանայել հարաբերությունները տարածաշրջանում ԱՄՆ-ի երկու ռազմավարական գործընկերների` Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ: Վերլուծաբանի կարծիքով, դա հղի է վտանգավոր հետեւանքներով: Չինաստանն ի վիճակի է ավելի ագրեսիվ դառնալու, իսկ Հարավ-չինական ծովի վիճելի տարածքում իրավիճակը կարող է սրվել եւ վերաճել լուրջ հակամարտության:
Եվրոպայի առումով Թրամփն ուզում է ընդհանրապես ոչնչացնել մայրցամաքի անվտանգության սյուները` ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը: Քաղաքական գործիչը բազմիցս արտահայտվել է ԵՄ-ի ամբողջականության դեմ, ինչպես նաեւ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները վնասում են ամերիկյան շահերին: Եթե դրան հավելենք Թրամփի համակրանքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ստացվում է Եվրոպայում քաղաքականությանը լիովին հեղափոխական մոտեցում, որը կարող է ԱՄՆ-ն վերադարձնել 30-ականների մեկուսացման քաղաքականությանը, գրում է FT-ն:
Բացի այդ, շարունակում է թերթը, Թրամփը կոչ է անում արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ, ինչը կհանգեցնի երկրի դիրքերի թուլացմանը նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում:
Ամփոփելով` հոդվածի հեղինակը նշում է, որ Թրամփի նախագահությունը ջախջախիչ հարված կհասցնի աշխարհում ԱՄՆ-ի կերպարին: Հայտնի միլիարդատերը սովոր է հույս դնել բիզնեսում անկանխատեսելիության վրա, որտեղ այդ հնարքներն իրոք գործում են, սակայն միջազգային քաղաքականության մեջ դրանք կարող են երկրին աղետի հանգեցնել: Արդյունքում միջազգային թատերաբեմում վակվում կստեղծվի, որն արագ կլցնեն Ռուսաստանը եւ Չինաստանը, եզրափակում է FT-ն:
Նյութը քաղված է՝ News.am կայքից
---
Financial Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի հետ երկխոսության հարցում տարաձայնություններ կան
«ՆԱՏՕ-ում աճում են տարաձայնությունները Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման հետ կապված: Կա մտավախություն, որ Կրեմլի եւ Արեւմուտքի միջեւ առճակատումը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- Financial Times-ում գրում է Սեմ Ջոնսը:
«Դաշինքի ԱԳ նախարարները խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատվիրակները փորձել են մյուսներին համոզել՝ կարեւորելով Ռուսաստանի հետ զգուշավոր մերձեցման անհրաժեշտությունը: Սակայն արեւմտյան դիվանագետներից շատերն այդ հարցում վատատես են: Նրանց կարծիքով Ռուսաստանը ոչնչից չի վախենում եւ «խաղեր է խաղում» Եվրոպայի հետ»:
«Նախորդ շաբաթ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Ռիչարդ Շիրեֆը նախազգուշացրել էր տարվա ընթացքում Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հնարավորության մասին, եթե պահպանվի լարվածության նման մակարդակը»:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտնել է, որ նախատեսվում են նախնական բանակցություններ Մոսկվայի հետ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի ծրագրի կազմավորման նպատակով»:
«Մենք պետք է խուսափենք թյուրիմացություններից եւ սխալ հաշվարկներից: Պետք է հասկացնենք ռուսաստանցիներին, որ մեր շնորհիվ է, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գալիս: Մեզ անհրաժեշտ են եւ պաշտպանություն, եւ երկխոսություն, քանի որ ցանկանում ենք խուսափել նոր սառը պատերազմից: Դա բարդ առաջադրանք է»,-նշել է Ստոլտենբերգը:
Նյութը քաղված է՝ Galatv.am կայքից