Վրաստանի իշխանությունները հետ են կանչել «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրինագիծը
Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը:
Հիշեցնենք՝ հենց այս օրինագծի պատճառով էին վերջին օրերին Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր:
Sputnik գործակալության վրացական ծառայությունը հայտնում է, որ օրինագիծը հետ կանչելու մասին համատեղ հայտարարություն է տարածել իշխող թիմը, ինչպես նաև օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը։
Մարտի 7-ից՝ օրինագծի ընդունումից ի վեր, Վրաստանի մայրաքաղաքում լայնամասշտաբ ցույցեր էին, որոնք ուղեկցվում էին անկարգություններով և իրավապահների հետ բախումներով:
Առանձին ակտիվիստներ փորձել են մուտք գործել խորհրդարան: Ոստիկանների ուղղությամբ նետվել են շշեր և քարեր, ի պատասխան` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Բացի դրանից՝ ցուցարարները շրջել են ոստիկանական մեկ մեքենա։
Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից: